Ըստ վերլուծաբանների, ՍԴ-ն կմերժի Պարույր Հայրիկյանի դիմումը. «Նա անլրջացրեց իր անձը, իր իմիջը»

Ըստ վերլուծաբանների, ՍԴ-ն կմերժի Պարույր Հայրիկյանի դիմումը. «Նա անլրջացրեց իր անձը, իր իմիջը»
Ըստ վերլուծաբանների, ՍԴ-ն կմերժի Պարույր Հայրիկյանի դիմումը. «Նա անլրջացրեց իր անձը, իր իմիջը»

Քաղաքագետ, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը համոզված է, որ Սահմանադրական դատարանը մերժելու է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դիմումը, որով նա պահանջում է երկու շաբաթով հետաձգել նախագահական ընտրությունները:
«Մահափորձից հետո ընդամենը մի քանի օր հետո նա նորից եղել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, հարցազրույցներ է տվել, հնարավորություն է ունեցել իր կարծիքը հայտնելու: Եթե մինչ մահափորձը շատ ակտիվ քարոզարշավ իրականացրած լիներ Հայաստանի մարզերում և շրջաններում և մահափորձը խանգարած լիներ նրան, կարելի էր հիմնավորել, որ մահափորձի պատճառով չկարողացավ իրականացնել քարոզչություն: Բայց քանի որ թեկնածուներից չորսի` Պարույր Հայրիկյանի, Արման Մելիքյանի, Արամ Հարությունյանի և Վարդան Սեդրակյանի քարոզարշավը չի եղել ողջ հանրապետության տարածքում, սահմափակվել է միայն հարցարզույցներով ու ասուլիսներով, բնականաբար կարող ենք ասել, որ մահափորձին հաջորդած օրերին Պարույր Հայրիկյանին հնարավորություն է եղել քարոզչություն իրականացնելու»,- «Մեդիալաբին» ասում է Քեռյանը:

Նա նշում է, որ Սահմանադրական դատարանը կարող է բերել հենց այդ փաստարկը և արձանագրել, որ Պարույր Հայրիկյանը լիովին օգտվել է քարոզչություն անելու հնարավորությունից, շարունակել է մամուլի ուշադրության կենտրոնում լինել, իրականացնել իր PR-ը: Գարիկ Քեռյանը նկատում է` նախագահական ընտրությունները հետաձգելը, ինչպես շատերին է թվում, այնքան էլ հեշտ չէ:

«Ճիշտ է, օրենքը դա նախատեսում է, բայց այդքան հեշտ չէ միանգամից հետաձգել, որովհետև դա համապետական ընտրություն է, ամենավերին կատարի պետական պաշտոնյա են ընտրում, դա կապված է պետական ծախսերի հետ, դա կապված է նախընտրական միջոցառումների հետ, քվեաթերթիկների տպագրության հետ: Մերժել և պետության վզին դնել էդ ամբողջ միջոցառումների իրականացման կրկնման վարժությունը, ճիշտ չի լինի»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանի պահվածքին, քաղաքագետը դա որակում է սովորական քաղաքական տեխնոլոգիա` «ջրի երեսին մնալու համար»:

«Պարազապես այդ հանգամանքը Պարույր Հայրիկյանը փորձում է օգտագործել միասնական թեկնածուի ձևաչափը կայացնելու համար: Իհարկե, մի քիչ լուրջ չէ մտածել, որ այդ ձևաչափը կարող է կայանալ, որովհետև եթե երեք լիդերների միջև որոշակի համաձայնություն ձեռք բերելու հնարավորություն լիներ, դա կկայանար վաղուց: Պարազապես վերջին ճիգն է սա, որովհետև հավանաբար պարզ հաշվարկները ցույց են տվել, որ անհրաժեշտ քանակությամբ ձայները չի հավաքվում, ուզում է Պարույր Հայրիկյանն օգտագործել սա`միասնական թեկնածու դառնալու համար»,- ասաց նա:

Այն որ Պարույր Հայրիկյանին նաև մեղադրում են իշխանությունների հետ գործարքի գնալու համար, Գարիկ Գեռյանի խոսքով, բխում է նրանց, որ և մահափորձը, և դրանից հետո հանցագործներին արագ հայտնաբելերը կասկածների ու խոսակցությունների առիթ դարձան:

Սակայն նա նշում է, որ ցանկացած նման կասկած հիմնավոր չէ, եթե հիմնված չէ փաստերի վրա: Քաղաքագետը գտնում է, որ Պարույր Հայրիկյանը ոչ թե անլրջացրեց ընտրական գործընթացը, այլ պարզապես փորձում է կիրառվող մեթոդներով իր իմիջը բարձրացնել, հայտնվել ուշադրության կենտրոնում:

«Թե ում համար էր սա լուրջ, ու համար անլուրջ` այլ հարց է: Եթե նման չափանիշներով առաջնորդվենք, գործընթացն ամբողջութմամբ կարող ենք անլուրջ համարել»,- ասում է Քեռյանը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը զարմացած է Հայրիկյանի պահվածքի վրա և ասում է, որ շատ վատ է գնահատում նրա քայլերը:

«Նա անլրջացրեց իր անձը, իր իմիջը: Իր դիմումն ու պահվածքն այնքան անլուրջ են, այնպիսի տպավորություն է, որ ինքը պայմանավորվածությունների խնդիր է լուծում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Երվանդ Բոզոյանը: Նա միաժամանակ նշեց, որ կարծում է` Պարույր Հայրիկյանը իշխանությունների հետ է գնացել պայմանավորվածությունների:

Հիշեցնենք, որ իրարամերժ հայտարարություններից հետո Պարույր Հայրիկյանն այսօր ի վերջո դիմում է ներկայացրել ՍԴ, որով պահանջում է նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգել:

Նրա այս որոշմանը հանրությունը սպասում էր ավելի վաղ` նրա վրա կատարված մահափորձից մի քանի օր անց: Այնինչ, Հայրիկյանը հայտարարել էր, որ ՍԴ չի դիմելու, քանի որ իր առողջական վիճակը բավարար է, և ընտրությունների հետաձգման անհրաժեշտություն չի տեսնում:

Այսօր էլ Հայրիկյանը չի բացառել, որ դիմումի քննության ընթացքում այն կարող է հետ վերցնել:

Այսօր ՍԴ-ի դիմաց Հայրիկյանը լրագրողներին ասել է, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում հաջողվի ընդդիմադիր թեկնածուներով միավորվել, ապա ինքը հետ կվերցնի իր դիմումը, եւ ընտրությունները կկայանան նախատեսվածի համաձայն` փետրվարի 18-ին:

«Դրանով իմ հավասար մասնակցության իրավունքը խախտվում է, որը սակայն կփոխհատուցվի միասնական թիմի ստեղծումով»,– ասել է նա:

Նշենք, որ նախագահի թեկնածուի վրա մահափորձ էր կատարվել հունվարի 31-ին: Նա հրազենային վանսվածք է ստացել աջ ուսի շրջանում:

Ինչպես տեղեկացնում է ՍԴ-ի պաշտոնական հաղորդագրությունը, «Սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, գործի քննության ընդունման հարցը քննության կառնի դիմումի մուտքագրումից հետո 24 ժամվա ընթացքում»:

© Medialab.am