Փետրվարի 25-ից արգելվում են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդները. ՊՆ

Հեղինակ MediaLab

Տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված, փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):

ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:

Հորդորում ենք բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ զորամասեր այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից:

ՀՀ Պաշտպանության նախարարություն