Թրամփի ճեպազրույցներից առաջ լրագրողները կհանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ. ՏԱՍՍ

Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճեպազրույցներին, նախապես կհանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան լրատվական ծառայությանը:

«Սպիտակ տունը, ինչպես նաև Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան հայտնում են, որ յուրաքանչյուրը ճեպազրույցից առաջ կհանձնի էքսպրես թեստ՝ կապված կորոնավիրուսի հետ»,-նշում է լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ բժիշկներն ու անվտանգության աշխատակիցները ստուգելու են բոլոր նրանց, ովքեր կարող են անմիջական շփման մեջ գտնվել նախագահ Դոնալդ Թրամփի ու փոխնախագահ Մայք Փենսի հետ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։