«Եթե ինչ-որ բան եք անում, օրինակ՝ Բրյուսովի ուսանողների կամ դասախոսների համար, ինչո՞ւ նրանց նախապես չասել դրա մասին». Ատոմ Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

Պարո՛ն Մխիթարյան, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր դասադուլ էր ընդդեմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության այն որոշման, որ համալսարանը պետք է միավորվի կա՛մ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, կա՛մ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։ Այս միավորումը ի՞նչ է տալու կրթական համակարգին, ու արդյոք արդարացվա՞ծ է ուսանողների դասադուլը։

– Միավորման գաղափարը նոր չէ, գիտեք, այդ մասին անընդհատ խոսակցություններ կային, բայց այն ձևը, որով դա արվում է, կարելի է ասել՝ լրիվ նորություն է, որովհետև գաղտնի ինչ-որ փաստաթղթեր են շրջանառում նախարարության միջանցքներում՝ առանց տեղյակ պահելու: Ձեռագիրը չի փոխվում։

Եթե ինչ-որ բան եք անում, օրինակ՝ Բրյուսովի ուսանողների կամ դասախոսների համար, ինչո՞ւ նրանց նախապես չասել դրա մասին, նրանց կարծիքը հաշվի չառնել, գուցե մարդիկ հետաքրքիր գաղափարներ ասեն։ Գաղտնի ինչ-որ բաներ են անում, որը բնական է՝ առաջացնելու էր բացասական ռեակցիաներ, ու սա հերթական անգամ բերելու է մեզ ոչ մի բանի, այսինքն՝ ո՛չ փոփոխություն կլինի, ո՛չ այդ մարդիկ ներգրավված կլինեն այդ փոփոխություններին։

Որոշում կայացնողները նպատակը չեն հասկանում, արդյոք ժամանակակից հասարակությունում կրթության մեջ ինչ-որ բան փոխելու համար պետք է դա գաղտնի անել։

Այդ գաղտնիությունն ինչո՞վ եք բացատրում։

– Գաղափար չունեմ, դա բացատրելու բան էլ չէ ախր, ի՞նչ է նշանակում՝ գաղտնի ինչ-որ բան անել, այն էլ կրթության մեջ, որի շահառուներն այդքան շատ են։ Չի՞ կարելի նախապես քննարկումներ անել, նախագիծ շրջանառել, մարդիկ դրա վերաբերյալ կարծիք հայտնեն, հետո նոր հասկանանք՝ պե՞տք է անել այդ փոփոխությունը, թե՞ չէ։ Սա նշանակում է, որ նեղճակատ մարդիկ են որոշումներ կայացնում, որոնք վախենում են նույնիսկ իրենց որոշումներից։

Ընդհանուր առմամբ, բուհերի միավորումը լա՞վ գաղափար է, ի՞նչ կտա դա սովորողին։

– Միևնույն է, դրանք լինելու են արհեստական միավորումներ, որովհետև մեզ մոտ բուհերն առանձին երկար ճանապարհ են անցել, չի կարելի մեկ օրում նմանատիպ միավորումներ անել ու արդյունքներ ստանալ։ Սա ավելի շատ կխաթարի կրթական գործընթացը, կբերի կրթության որակի էական անկման։ Եթե նման մտադրություն կա, կրկնում եմ՝ անհրաժեշտ է այդ նպատակի մասին նախապես ասել, քննարկել, թե չէ այսպես հախուռն որոշումներ կայացնելով հաստատ որևէ օգուտ չենք տա։

Պարո՛ն Մխիթարյան, իսկ այս բողոքի ալիքը նախարարությանը հետ կպահի՞ իրենց որոշումից, թե՞, այնուամենայնիվ, կմիավորեն բուհերը։

– Այս փուլում հետ կպահի, որովհետև առանց հասկանալու ինչ-որ բաներ են անում։ Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշեն այդ միավորումներն անել, ապա կլինեն քննարկումներ, կարող են լսումներ կազմակերպվել ու դրանից հետո գալ ընդհանուր հայտարարի։ Եթե նման բիրտ ձևով որոշումներ կայացվեն, հետո ուզենան իրականացնել, շատ խոչընդոտներ կլինեն։

Իսկ եթե ձեր ասած եղանակով կազմակերպվեր միավորման գործընթացը, ընդհանուր առմամբ, միավորման գաղափարը լա՞վ է, թե՞ վատ։

– Եթե հիմնավորված է՝ կարելի է անել նման բան, եթե դա առավելություններ կտա բուհերին, պայմաններն ավելի լավանան, ադմինիստրատիվ ծախսերը քչանան, միջազգային ասպարեզում նրանց հեղինակությունն ավելի բարձր լինի՝ կարելի է։ Միավորման գնալիս պետք է հաշվի առնել բոլոր դրական ու բացասական կողմերը։

Կրթության ոլորտում արվող գրեթե ցանկացած փոփոխություն այսպիսի բուռն արձագանքի է արժանանում, սա ինչի՞ հետևանք է։

– Դա հետևանք է այն բանի, որ մարդիկ կառավարման հմտություններ չունեն, որոշում կայացնողները չունեն կառավարման հմտություններ, այսինքն՝ պետք է կա՛մ որոշում կայացնողներին փոխել, կա՛մ նրանց գոնե այդ հմտությունները սովորեցնել: Երկրորդը, կարծում եմ՝ շատ դժվար կլինի, որովհետև շատ երկար ժամանակ կպահանջվի: Իմ առաջարկն է՝ որոշում կայացնողներին ուղղակի փոխել այնպիսի մարդկանցով, որոնք ունեն կառավարման հմտություններ։

Պարո՛ն Մխիթարյան, իսկ ինչո՞ւ այս ոլորտում քննարկումներ չեն իրականացվում համապատասխան մասնագետների, շահագրգիռ կողմերի հետ։

– Երևի ինչ-որ վախեր ունեն, մտածում են, որ իրենց արածը չի ընդունվի հասարակության մեծ մասի կողմից։ Ուղղակի տրամաբանական չէ, էլի, եթե լավ բան է արվում՝ ինչո՞ւ են գաղտնի պահում, ուրեմն վատ բան են անում, որ գաղտնի են պահում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am