«Ուժեղ Հայաստանը» դաշինք է կազմում «Նոր դարաշրջան»-ի և «Միավորված հայեր»-ի հետ

Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ  Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։  Այս մասին հայտարարություն են տարածել կուսակցությունները:

Հուշագիրը ստորագրած  քաղաքական կուսակցությունները հայտարարում են, որ միավորվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական օրակարգի և նախընտրական ծրագրի շուրջ և գործելու են պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության, արդյունավետ և հաշվետու կառավարման, տնտեսական կայուն զարգացման, իրավական և սոցիալական արդարության և համերաշխության ապահովման սկզբունքների վրա։

Նշվում է, որ ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է Սամվել Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային-պետական և արժեքային մոտեցումներին, և կողմերը պատրաստակամություն են հայտնում համախմբվել այդ գաղափարական հենքի շուրջ։

Քաղաքական կուսակցությունները գալիք ընտրություններին կմասնակցեն միասնական քաղաքական դաշինքով՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։