Եվրոխորհրդարանը Թուրքիային կոչ է անում ազատ արձակել Քավալային և Դեմիրթաշին. Ermenihaber.am

Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) արտաքին կապերի հանձնաժողովը կոչ է արել թուրքական իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր գործիչներ Օսման Քավալային և Սելահաթթին Դեմիրթաշին։ Նշվել է նաև, որ Թուրքիայում օրենքի գերակայության առջև ծառացած խոչընդոտները պետք է հաղթահարվեն։

2020-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովն իր առաջին այցը կատարել է Թուրքիա։

Անկարայում հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամների, արդարադատության նախարարության ներկայացուցիչների, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի, պաշտոնանկ արված Մարդինի նախկին քաղաքապետ Ահմեթ Թուրքի և լրագրողների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Թուրքիայի արդարադատության ոլորտում առկա իրավիճակը։ Եվրոպացի խորհրդարանականները նշել են, որ Թուրքիայից առաջին սպասելիքը դատական համակարգի անկախությունն է։

Պատվիրակության անդամները շեշտել են, որ Թուրքիան պարտավոր է իրականացնել Մարդու իրավուքների Եվրոպական դատարանի որոշումները և այդ համատեքստում ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին և գործարար Օսման Քավալային, ինչպես նաև անընդունելի են համարել ազատ արձակման որոշումից հետո Քավալային կրկին կալանավորելու մասին որոշում կայացնելը։

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: