Ադրբեջանցու կրակից խաղաղ բնակիչ է զոհվել. ԱԳՆ-ն արձագանքել է միջադեպին

Ադրբեջանցու կրակից խաղաղ բնակիչ է զոհվել. ԱԳՆ-ն արձագանքել է միջադեպին
Ադրբեջանցու կրակից խաղաղ բնակիչ է զոհվել. ԱԳՆ-ն արձագանքել է միջադեպին

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը այսօր` մայիսի 12-ին անդրադարձել է ԼՂՀ Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակչի` ադրբեջանական կողմի կրակոցից սպանությանը` «սադրանք» որակելով տեղի ունեցածը:
«Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զինադադարի հաստատման 17-րդ տարեդարձի նախօրեին սպանելով հողագործական աշխատանքներ իրականացնող Արցախի խաղաղ բնակիչ Արայիկ Բալասանյանին», – ըստ ՀՀ ԱԳՆ կայքի հաղորդագրության հայտարարել է Բալայանը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ղարաբաղա-ադրբեջանակա զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից քաղաքացիական անձ է զոհվել:

ԼՂՀ ՊԲ մամուլի հաղորդմամբ, շփման գծի հարավարեւելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս, հակառակորդի կողմից ժամը 18:05-ի սահմանում արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում` Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ժամը 19:20-ին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 33-ամյա Արայիկ Նելսոնի Բալասանյանը:

«Այս կարգի քայլերով Ադրբեջանը հակադրվում է ոչ միայն խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությանը, այլեւ ձգտում է բոլոր միջոցներով պահպանել լարվածությունը շփման գծում` խոչընդոտելով միջազգային հանրության կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հիմնախնդրի կարգավորմանը»,- ասված է ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր ավելի ուշ հերքել է հայկական կողմի հաղորդագրությունը` պնդելով, թե ադրբեջանական զինուժը մայիսի 11-ին կրակ չի բացել տվյալ ուղղությամբ եւ առհասարակ շփման գծի այդ հատվածում հրադադարի խախտում չի արձանագրել:

© Medialab.am