Ես շատ եմ ափսոսում Մարությանի քայլերի համար, բայց այդ քայլերին էլ միանշանակ պիտի հետևի քաղաքական պրոցեսը․ Ալեքսանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2018-ի սեպտեմբերին Երևանում կայացել են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» ԴԱՇԻՆՔԸ ստացել է ընտրողների 80% քվեն։ ԴԱՇԻՆՔԻ առաջին համար Հայկ Մարությանը ավտոմատ կերպով ընտրվել է քաղաքապետ։ Հանրությանը անհայտ հանգամանքների բերումով Հայկ Մարությանը հրաժարվել է քաղաքացիների 80% քվեն ստացած քաղաքական թիմին իր անդամակցությունից։

Հայկ Մարությանը նաև խմբակցության ղեկավարին հայտնել է, որ պատրաստվում է այլ թիմով մասնակցել մյուս ընտրություններին։ Թե ո՞րն է այդ թիմը չգիտի ոչ ոք։ Ո՛չ ավագանու խմբակցությունը, ո՛չ հանրությունը, բացարձակապես ՈՉ ՈՔ։

Այս պայմաններում, երբ քաղաքապետը փակ դռների ետևում հայտնում է, որ պատրաստվում է այլ (բոլորիս դեռ անհայտ) քաղաքական թիմով գնալ մյուս ընտրություններին, երբ կա լեգիտիմություն ունեցող խմբակցություն, երբ կա սահմանադրական ինստիտուտ հանդիսացող քաղաքի ավագանի, միանշանակ է, որ հենց ժողովրդավարության ու ազնիվ քաղաքականության գաղափարներից է բխում քաղաքապետին անվստահություն հայտնելը։

Ֆիզիկապես, թեորեապես, կենսաբանորեն ու նույնիսկ քվանտային մակարդակում չի կարող ժողովրդավարական համարվել 80% լեգիտիմություն ստացած խմբակցության քվոտայով քաղաքապետ դառնալը, հետո խմբակցությունից դուրս գալը, այլ թիմի միանալու գաղտնի հեռանկար ունենալը ու բայց նախնական թիմի քվոտայով պաշտոնավարելը։ Չի կարող, որովհետև նույնիսկ եթե մարդիկ գնահատում են կոնկրետ թիմի կազմում քո աշխատանքը, միևնույն է դու որպես անհատ լեգիտիմություն չես ստացել, չունես, չկա։ Այ հենց սրա համար էլ որոշ կուսակցություններ մակաբույծի կարգավիճակից դուրս գալ չեն կարողանում։

Բացարձակապես ժողովրդավարության ու ազնիվ քաղաքականության բոլոր կանոններին համապատասխան քայլը քննադատել հակաժողովրդավարության պրիզմայից, նշանակում է մարդկանց դնել ապուշի տեղ։ Իսկ մարդիկ ապուշ չեն։ Երբեք չեն եղել ու երբեք չեն լինելու։ Եթե ինձ հարցնեք, ես միանշանակ շատ եմ ափսոսում Մարությանի քայլերի համար, բայց այդ քայլերին էլ միանշանակ պիտի հետևի քաղաքական պրոցեսը, որովհետև դա են պահանջում ազնիվ քաղաքականությունն ու ժողովրդավարությունը»։