«Մեծարգո պարոն Թրամփ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ». Սերժ Սարգսյան

«Մեծարգո պարոն Թրամփ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ». Սերժ Սարգսյան
«Մեծարգո պարոն Թրամփ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ». Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր Նախագահ Դոնալդ Թրամփին, որում մասնավորապես ասված է

«Մեծարգո պարոն Թրամփ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները` Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը: Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ-ի համար դարձնելու նոր վերելքի և նվաճումների ժամանակաշրջան:

Այսօր՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին, երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին:

Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում: Հավատացած եմ, որ մեր գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահայության ներգրավվածությունը:

Կրկին շնորհավորելով ԱՄՆ-ի Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ` մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն` ի փառս Ամերիկայի Միացյալ Նահանգների և ի բարօրություն նրա ժողովրդի:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: