Համաներման առաջարկ. ընդդիմությունը դեռ հետեւում է գործընթացներին

Ընդդիմությունն առայժմ չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի կողմից համաներման առաջարկը:
«Մենք ուշադիր հետեւում ենք գործընթացներին, եւ անհրաժեշտության դեպքում հանդես կգանք հավելյալ մեկնաբանություններով»,-«Մեդիալաբի» հետ զրույցում նշեց ընդդիմադիր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի քսանի առավոտյան Սերժ Սարգսյանը համաներում հայտարարելու առաջարկով դիմել է ԱԺ-ին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ»,- նշված է նախագահականից տարածված հայտարարության մեջ:

Մինչ այդ` չորեքշաբթի օրը քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավորության մասին Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ համատեղ ասուլիսում խոսել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Աբրահամյանն ասել է, թե քաղբանտարկյալները «մինչեւ մայիսի 31-ը կարող են ազատ արձակվել», եւ «հնարավոր է, որ առաջիկայում համաներում հայտարարվի»:

Քաղաքագետները եւս հավանական էին համարել, որ մինչեւ այդ օրը քաղբանտարկյալները կարող են ազատ արձակվել:

«Կարծում եմ, որ մինչեւ մայիսի 31-ը այս հարցը լուծված կլինի, որովհետեւ այն խնդիրները, որոնք դրված են իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, լուծվում են, քանի որ այդ դրված խնդիրները հեռահար նպատակներ ունեն: Այսինքն, երկու կողմն էլ` Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, իշխանություններն էլ, հասկացան, որ չեն կարող միմյանց ոչնչացնել եւ այդ պատճառով էլ որոշել են փոխշահավետ պայմանագիր կնքել»,- «Մեդիալաբին» ասել էր քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Հիշեցնենք նաեւ, որ հանրապետության նախագահի կողմից համաներման մասին առաջարկը, ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, խորհրդարանը պետք է ընդգրկի առաջիկա քառօրյայում:

ԱԺ հերթական քառօրյան մեկնարկում է մայիսի 23-ին:

© Medialab.am