Հրադադարի խախտման վերաբերյալ ապատեղեկատվությամբ Ադրբեջանը փորձում է բարձրացնել հետագա սակարկությունների գինը․ Հակոբ Բադալյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, երրորդ օրն է՝ ինչ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը ապատեղեկատվություն տարածելով, այն էլ այն բանից հետո, երբ հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։

– Նախ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այս հայտարարությունից հետո հայտարարեց, որ չի պատրաստվում ստորագրել խաղաղության պայմանագիրը, ինչը, իհարկե, ամենևին էլ նորություն չէր, որովհետև նրանք մինչ այդ էլ արձանագրել են այդ նախապայմանները: Այս համատեքստում՝ հրադադարի խախտման վերաբերյալ այդ ապատեղեկատվության տարածումով Ադրբեջանն ընդամենը փորձում է բարձրացնել հետագա սակարկությունների գինը ու ոչ թե Հայաստանի հետ, այլ՝ տարբեր խոշոր շահառուների, որոնք այս կամ այն կերպ հետաքրքրություն ունեն Կովկասում։

Մյուս հանգամանքը կարող է լինել այն, որ մենք մշտապես տեսնում ենք, փորձում է Հայաստանի հանդեպ հոգեբանական, քաղաքական ճնշում բանեցնել՝ ազդելու Հայաստանում ներհասարակական միջավայրի վրա։ 

Մի հետաքրքիր հանգամանք ևս նկատելի է, որ այս օրերին՝ ռուս-ամերիկյան երկխոսության ֆոնին ու նաև Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին ընդառաջ, բավական լարվեց իրավիճակը Մերձավոր Արևելքում, ու սա թերևս պայմանավորված է նրանով, որ կողմերը փորձելու են միմյանց ճնշել, խաղաքարտեր բանեցնել: 

Չեմ բացառում, որ Ադրբեջանը փորձում է այս իրավիճակից որքան կարող է օգտվել, ու այս ապատեղեկատվությունը դրան է միտված, կստացվի՞, թե՞ չէ՝ այլ հարց է։ Բայց, ըստ իս, այս փուլում և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը շահագրգռված չեն Կովկասում ապակայունացմամբ, բայց միևնույն ժամանակ այդ հնարավոր զարգացումներով կարող են շահագրգռված լինել այն խաղացողները, որոնք շահագրգռված չեն ռուս-ամերիկյան երկխոսությամբ։

 Մենք տեսնում ենք, որ դրան բավական ընդդիմանում է Եվրոպան կամ, համենայնդեպս, փորձում է ազդեցություն ունենալ դրա վրա, բավական ընդդիմանում է Միացյալ Թագավորությունը, ու այս իմաստով հատկանշական է, որ Ադրբեջանը շփումներ ունեցավ թե՛ բրիտանացիների, թե՛ ամերիկացիների հետ։ 

Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնացը, որ մարտի 14-ին Մոսկվա էր այցելել բանակցության, դրանից անմիջապես հետո մեկնեց Բաքու՝ մի քանի ժամ այնտեղ անցկացնելով, ու նաև հայտնի դարձավ, որ Թրամփի խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել Հաջիևի հետ։ Այս ինտենսիվության մեջ, ես կարծում եմ, Ադրբեջանը փորձում է այս տեղեկատվական խաղաքարտը խաղարկելով նաև որոշակի միավորներ հավաքել տարբեր կողմերից։ 

– Քի՞չ հավանական եք համարում, որ կհավաքի այդ միավորները, թե՞ ոչ։

– Դա կախված է նրանից, թե ինչպես կզարգանա երկխոսությունը Թրամփ-Պուտին մակարդակում, այսինքն՝ այդտեղ համաձայնությունների աստիճանն ու դինամիկան ինչպիսին կլինեն, այդուհանդերձ, հարցն այն է, որ այդ միավոր հավաքելու գործընթացը կարող է լինել ժամանակի մեջ ձգված, այսինքն՝ այդ միավորների հանգամանքը պետք չէ հաշվարկել այս պահին, այս դրությամբ։ Ադրբեջանը խաղում է, խաղում է այս պահին ձեռքի տակ եղած բոլոր խաղաքարտերով։ 

Տեսանելի է, որ այս փուլում միջազգային խոշոր սակարկումների շրջան է, այստեղ պետք է հասկանալ, որ Ադրբեջանն ինքն էլ, մեծ հաշվով, այդ գործընթացների արանքում է, ու նրա համար նաև մարտահրավերներ կան, որովհետև, ինչպես նշեցի, ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ակնկալում են կայունություն, իսկ, օրինակ՝ նրանց երկխոսությունից դժգոհներն ակնկալում են, որ Ադրբեջանը մասնակցի իրենց հաշվարկներին ու փորձի դրանք առաջ մղելու դեր ստանձնել։ 

Այստեղ Ադրբեջանը հայտնվում է, պայմանական ասած, երկու քարի արանքում, ու այս խաղաքարտերի օգտագործումն իր համար կարող է նույնիսկ պաշտպանական նշանակություն ունենալ, այսինքն՝ մանևրել այս երկու քարի արանքում, հետևաբար այդ չափումներն իսկապես բազմաշերտ են։

– Պարո՛ն Բադալյան, իսկ ռազմական գործողությունների գնալու համար, թեկուզ լոկալ, Ադրբեջանն ունի՞ այս պահին միջազգային կոնսենսուս։

– Ինչպես նշեցի, ԱՄՆ-ին ու Ռուսաստանին հիմա պետք չէ Կովկասում խնդիրներ ունենալ, բայց կան խաղացողներ, ու, կարծում եմ, որ բրիտանացիները բավական ակնառու խաղացողներն են, որոնք ամեն կերպ փորձելու են իրենց ներկայությունը, իրենց հետ հաշվի նստելը պարտադրել Վաշինգտոնին ու Մոսկվային, որովհետև եվրոպական խաղացողների անհանգստությունը, նկատի չունեմ միայն ԵՄ-ին, պայմանավորված է նրանով, որ իրենք կարող են դուրս մնալ պայմանավորվածությունների գործընթացներից ու փորձում են իրենց բերել այդ սեղանի շուրջ։ 

Այդ բերելու միջոցներից մեկը կարող է դիտվել հենց Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համար այնպիսի խնդիրներ ստեղծելը, որ ստիպված լինեն իրենց հաշվի առնել ու իրենց հետ հաշվի նստել։ Ադրբեջանն ակնհայտորեն այդ գործիքներից մեկն է դիտվում, խիստ հատկանշական է Հաջիևի այցը Լոնդոն, որտեղ նա հանդիպել է պաշտպանության պետնախարարի հետ, իսկ այդպիսի հանդիպումները պարզապես չեն լինում: 

Պետք է հաշվի առնել, որ այստեղ կա նաև ամերիկա-եվրոպական հարաբերությունների բարդությունը ու հենց Վաշինգտոն-Լոնդոն հարաբերության բարդությունը Թրամփի պաշտոնավարումից հետո։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am