Մոսկվայի բարեկեցությունից` ազատագրված Ծարի գյուղական կյանք. Ալվարովները փորձում են ապրել «հոգեւոր անապատում»

Մոսկվայի բարեկեցությունից` ազատագրված Ծարի գյուղական կյանք. Ալվարովները փորձում են ապրել «հոգեւոր անապատում»
Մոսկվայի բարեկեցությունից` ազատագրված Ծարի գյուղական կյանք. Ալվարովները փորձում են ապրել «հոգեւոր անապատում»

Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանի բարձրադիր Ծար գյուղի ճանապարհն այնքան էլ դյուրին չէ: Չորս կողմից ալպիական լեռներով, գետերով ու բարձր ձորերով շրջապատված գյուղ հասնելու համար պիտի հաղթահարես միակ` քարքարոտ ու վտանգավոր ճանապարհը: Լեռնային ճանապարհը մեծ դժվարությամբ են հաղթահարում նույնիսկ մեքենաներ:
Ավիրված, կիսաքանդ տներ, անապակ բնություն… սրանք այն տեսարաններ են, որ աչքի են զարնվում Ծար մտնելիս: Հենց այս գյուղում էլ երկու տարի առաջ վերաբնակություն է հաստատել 53-ամյա Արմեն Ալվարովը` կնոջ Սվետլանայի հետ: Մոսկվան թողելով Ալվարովները հաստատվել են 10 տուն ունեցող Ծարում` փորձելով փոխել իրենց կյանքի հունն ու պատմությունը:
Շուրջ երկու տարի եւ հազարավոր դոլարներ ծախսելով, Ալվարովները տուն են կառուցել (վերակառուցել) , հիմնել իրենց փոքրիկ տնտեսությունը:
Ֆրանսերենի մասնագետ Արմեն Ալվարովը, ով Ռուսաստանում նաև սեփական փոքր շինարարական ընկերությունն է ունեցել, հիմա Ծարում զբաղվում է անասնապահությամբ. երկու այծ, մի քանի հավեր և երկու շուն ունի:
Թե ինչպե՞ս ստացվեց, որ կնոջ հետ թողեց մեգապոլիսն ու հաստատվեց այստեղ, Ալվարովը ժպտում է` «այդպես է ստացվել»:

Սակայն հետո պատմում է, որ Ծարում հաստատվելու ցանկությունն նրա եւ 35-ամյա կնոջ մեջ, առաջացել է այն բանից հետո, երբ երկուսով ճանապարհորդել են Քարվաճառի շրջանի բնակավայրերով:

«Ուզում էինք ազատագրված տարածքում ապրել: Դժվար է ասել, թե ոնց եղավ, եթե ուրիշ շրջան գնայինք, գուցե այնտեղ հաստատվեինք»,- ասում է նա:

Ալվարովն ասում է, որ հիմա է հասկանում, թե Ծարն ինչպիսի ծանր տեղ է. մոտակա խանութը` 20-30 կմ հեռավորության վրա, խիստ կլիմայական պայմաններ` ձմեռային գիշերներին մինչև -25…-30 աստիճան սառնամանիքով, անձրեւներ, ձյուն:

«Ծարը հարմար տեղ չէ այն մարդկանց համար, որոնց կյանքի նպատակը բարեկեցությունն է: Նման դեպքերում ավելի լավ է ապրել Ստեփանակերտի կենտրոնում, իսկ ավելի ճիշտ է` Մոսկվայում կամ Լաս Վեգասում: Սակայն եթե հարցին մոտենանք այլ տեսանկյունից, ապա Ծարը գեղեցիկ տեղ է, ուր կարող ես սկսել քո գործը,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Ալվարովը,-այլ հարց է` կհաջողվի՞, թե՞ ոչ: Դա կախված է գումարից, մարդուց»:

Մի պատառիկ` Ծարից

Ստեփանակերտից 140 կմ հեռավորության վրա գտնվող Ծարն ունի ընդամենը 10 տուն` 40 բնակիչով: Գյուղի մարդիկ, այդ թվում` Ալվարովի ընտանիքը, մեծ դժվարությամբ են հոգում կենցաղային խնդիրները, գյուղում խանութ չկա` մոտակա խանութից գնումներ կատարելու համար պետք է հասնել Քարվաճառ կամ Վարդենիս:

Ալվարովն ասում է, որ իրենք երբեմն ստիպված են լինում միանգամից 3-4 պարկ կարտոֆիլ գնել, հաճախ խնդրել քաղաք գնացողներին, որ իրենց համար սննդամթերք բերեն, քանի որ հնարավորությունները խիստ սահմանափակ են:

Չնայած դժվարություններին, Ալվարովի կինը` բարձրահասակ, խարտիշահեր, սլավոնական դիմագծերով և ճերմակ մաշկով Սվետլանան փորձում է համակերպվել գյուղական կյանքին: Մոսկվայից` Ծար, անգլերենի մասնագետ Սվետլանան օտար լեզու է դասավանդում գյուղի 7 աշակերտ ունեցող դպրոցում:

«Նա սիրում է երեխաներին, ավելի հեշտ է մարդկանց հետ շփվում, քան ես, թեև ազգությամբ զտարյուն ռուս է: Կինս ինձնից շատ երիտասարդ է, գուցե այդ պատճառով է, կամ գուցե նրա բնավորությունն է այդպիսին: Ինձնից շատ է սիրում կենդանիներ` խոզ, հավ: Ինձ երբեք չեն գրավել մեծ քաղաքները, միշտ գյուղական կյանքն է գրավել և, բարեբախտաբար` նաև իմ կնոջը»:

Հիացած Ծարի բնությամբ, Արմեն Ալվարովն այնուամենայնիվ ասում է, որ զարմացած է բնակչության նյութապաշտության վրա:

«Այստեղ մարդկանց մեծ մասը մինչև ուղնուծուծը նյութապաշտ է: Նրանք միայն մտածում են կենցաղային խնդիրների, այսօրվա, իրենց ընտանիքի և բարեկեցության մասին: Ինձ համար շատ դժվար է ընդունել դա: Նրանց մեջ բացակայում է հոգևոր աշխարհ կոչվածը, մարդն այստեղ իր նյութական բարեկեցությունից բացի ոչ մի բանի մասին չի մտածում: Գումարած բնակչության աթեիզմը, նրանց գերակշիռ մասն Աստծուն չի հավատում: Դա ինձ իրոք անհանգստացնում է, երբ սկսում եմ այդ մասին լրջորեն մտածել… Ես չեմ ասում, թե նրանցից լավն եմ, բայց ամեն դեպքում Ռուսաստանում իմ շրջապատում այնպիսի մարդիկ էին, ովքեր այս կամ այն աստիճան ձգտում էին Աստծո ընկալմանը: Այստեղ ինձ համար լրիվ հոգևոր անապատ է:

Միակ տարբերվող դեմքերը, որ տեսել եմ, Երևանում էր`Քանաքեռում, ռուսական եկեղեցում, հայկական դեմքեր էին, ոչ ռուսական, սակայն այլ դեմքեր էին»,- ասում է նա:

Ծարի 40 հոգանոց համայնքը մեկուկես ամիս առաջ համալրվեց նոր անդամով. Ալվարովների ընտանիքում ծնվեց նրանց դուստրը` Աննան, ում համար, Արմեն Ալվարովի հավաստմամբ, լեռնային գյուղի կյանքը դեռ ոչ մի դժվարություն չի ներկայացնում:

«Շատ կփորձեմ այստեղ ինչ-որ բան անել: Եթե ստացվի անասնապահությամբ կամ զբոսաշրջիկների ներգրավմամբ զբաղվել, ապա այստեղ ապրելն իմաստ կունենա, կշարունակենք մնալ Ծարում, հակառակ դեպքում կհեռանանք»,- ասում է բարեկեցիկ կյանքը գյուղական դժվարին կենցաղով փոխարինած Արմեն Ալվարովը:

Նվարդ Հովհաննիսյան

© Medialab.am