ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վստահեցնում է, որ այս տարի Զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ կատարված աշխատանքներում պաշտոնանկությունները ընդամենը հետևություններից մեկն են, շատ ավելի լուրջ աշխատանքներ են տարվում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Բալայանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Պաշտոնանկությունները հետևություններից ընդամենը մեկն էր: Շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում, շատ է այդ աշխատանքների մասին հայտարարվել: Արձանագրում ենք որպես թերություն, որի համար շատ աշխատելու տեղ ունենք: Դրանք որևիցե ձևով ներելի չեն: Բայց պետք է հաշվի առնել, որ մենք գործ ունենք մարդկանց հետ, և որևէ արտահայտություն կամ նախադեպ ոչ ճիշտ մեկնաբանելը հնարավոր է, որ ճակատագրեր խեղի»,-ասաց Բալայանը:
Նա նշեց՝ սխալ է ասել, թե բանակում 13 զոհ է եղել: «Ի պաշտոնե ինձ հասած տվյալների համաձայն մի քանիսը մահեր են, ոչ թե զոհեր, պետք է հստակ տարանջատել: Գոյություն ունեն համապատասխան իրավակարգավորումներ ամեն մի մահվան դեպքով: Մահվան դեպքերի հետ կապված հետևությունները բազմաթիվ են, ինչպես արդեն նշեցի դրանցից մեկը պաշտոնանկություններն են: Այն պաշտոնյաները, որոնք իրավասու էին գնահատական տալու որոշ պաշտոնատար անձանց գործունեությանը, ենթադրում եմ, որ անվարար են գնահատել այդ աշխատանքը, դրա համար ազատումներ են եղել»,-ասաց Բալայանը:
Նա շեշտեց՝ կանոնակարգային հարաբերություններին պետք է ավելի խիստ հետևել, պետք է հետևել այն իրավակարգավորումներին, որոնք գործում են: Բալայանը նկատեց՝ սխալ կլինի ասել, թե այդ իրավակարգավորումները չկան, խնդիրը իրավակիրառությունն ապահովելու մեջ է: