«Շատ լուրջ կասկածներ են առաջանում առաջիկա ընտրությունների օրինականության, անկողմնակալության առումով». Սոնա Այվազյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը

– Տիկի՛ն Այվազյան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հարցում կանգնեց Վահագն Հովակիմյանի թեկնածության վրա: Այս առումով ի՞նչ ռիսկեր, մտահագություններ եք առանձնացնում:

– Նախ՝ Ընտրական օրենսգիրքն ասում է, որ ԿԸՀ անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, չպետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ, պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն: Այս առումով օրենքի պահանջն է, որ Վահագն Հովակիմյանը հրաժարվել է ՔՊ անդամակցությունից: Իրականում այդ դրույթն այդքան ձևական չպետք է մեկնաբանվի: Եվ եթե իսկապես ուզում ենք, որ ԿԸՀ-ն լինի ապաքաղաքական, դրա անդամները չպետք է լինեն կուսակցական առնվազն վերջին ժամանակաշրջանում:

Այս դեպքում, ըստ օրենքի, հակաօրինական որևէ բան չկա, բայց անկողմնակալության և ընկալումների տեսանկյունից դա շատ կարևոր է: Այդ սկզբունքը, ըստ էության, ստորադասվել է, որովհետև միանգամից կասկածի տակ է դրվում թեկնածուի անկողմնակալ լինելը:

ԿԸՀ նախագահի ինստիտուտի հետ կապված բոլոր մտահոգությունները, որոնք նախկինում եղել են, կարծում եք, նույնությամբ պահպանվելո՞ւ են, և դրան նաև կուսակցականության հա՞րցն է ավելանալու:

– Շատ ավելի վատ է լինելու, որովհետև իրականում, թեև նախահեղափոխական ժամանակահատվածում կասկածի տակ էին դրվում ընտրությունների արդյունքները, հեղափոխությունից հետո ԿԸՀ-ն իր վերջին տարիների գործունեության ընթացքում առնվազն ցույց տվեց, որ կարող է աշխատել անկողմնակալ, պատվեր չկատարել որպես այդպիսին: Այդ առումով ԿԸՀ-ի նկատմամբ որոշակի վստահություն ձևավորվեց:

– Ձեր կարծիքով՝ ԿԸՀ նախագահի ինչպիսի՞ թեկնածու պետք է լիներ, որ ընդունելի լիներ բոլորի համար:

– Նախ՝ նա վաղուց չպետք է ակտիվ կուսակցական լիներ, իսկ Վահագն Հովակիմյանն ակտիվ կուսակցական գործիչ էր: Ընդհանրապես, ցանկալի չէր լինի, որ լիներ կոնկրետ իշխող կուսակցությունից որևէ անդամ: Եվ այդ կուսակցական տոմսը պաշտոնավարումից անմիջապես առաջ ցած դնելը շատ ձևական բնույթ է կրում, որովհետև դրանով մարդն իր հոգով, գաղափարներով, իր հավատարմությամբ չի դադարում լինել համապատասխան կուսակցության համակիր:

Այդ առումով, կարծում եմ՝ պետք է լինի իրավական կարգավորում, որ չեզոքություն ենթադրող պաշտոնների համար թեկնածուն լինի անկուսակցական առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ոչ թե պաշտոնի նշանակվելուց առաջ կուսակցությունից ձևական դուրս գա, նշանակվի և հաջորդ օրն արդեն լինի քաղաքականապես չեզոք ու անկողմնակալ: Այդպես չի լինում, և դա խիստ խնդրահարույց է:

Ընկալումը, որ մենք ունեցել ենք քիչ թե շատ ազատ, արդար ընտրություններ, ճիշտ է, եղել են վարչական ռեսուրսի չարաշահում, խախտումներ, կամ որոշ դրվագներ, որոնք խնդրահարույց են եղել, բայց ամեն դեպքում, միտումը և ակնկալիքներն այնպիսին են, որ մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում, բարելավում գործընթացը:

Իսկ հիմա այս քայլով ՔՊ-ն շատ լուրջ խնդիր է առաջացնում, և շատ լուրջ կասկածներ են առաջանում առաջիկա ընտրությունների օրինականության, անկողմնակալության առումով: Այսինքն՝ սա շատ խնդրահարույց և անընդունելի որոշում է: Կարծում եմ՝ ՔՊ-ն պետք է վերանայի այն: Դա ամբողջությամբ վերացնում է այն որոշակի առաջընթացը, որը գրանցվել է վերջին շրջանում:

– Այն, որ 2018 թվականից հետո ԿԸՀ նախագահի փոփոխություն տեղի չունեցավ, դա ընդհանրապես ազդե՞լ է ընտրական գործընթացների կազմակերպման որակի վրա:

– Ես կարող եմ ասել, որ ներկա ԿԸՀ անդամները տարիների ընթացքում բավականին կատարելագործվել են: Ե՛վ օրենսդրությունն է կատարելագործվել, և՛ իրենք ավելի արհեստավարժ են դարձել իրենց գործունեության մեջ, և՛ իրենց գործունեությամբ կասկածի տակ չեն դրել գործընթացներում չեզոքությունը: Եղել են կասկածներ, բայց, ամեն դեպքում, մենք չենք կարողացել մեր այդ կասկածների համար հիմքեր տեսնել:

Եղել են մտահոգություններ՝ սկսած ընտրացուցակներից, վերջացրած արդյունքների հետ կապված կեղծարարություններով, բայց վերջին տարիների ընթացքում ընտրական գործընթացները հիմնականում, մեր կարծիքով՝ ազատ են եղել: Մենք չենք կարողացել ԿԸՀ-ի գործունեությունից առանձնացնել որևէ դրվագ, որով հնարավոր լիներ կասկածի տակ դնել այդ գործունեությունը:

Ըստ էության՝ մեր միակ մտահոգությունը նախկին կասկածներն էին, սակայն չենք ունեցել ապացույցներ, որ դրանք կարողանայինք հիմնավորել: Եվ դրա համար մեր վստահությունը որոշ չափով վերականգնվել է ԿԸՀ-ի և նրա անդամների նկատմամբ: Հիմա ամբողջությամբ քաղաքական անկողմնակալությունն է կասկածի տակ դրվում, և այստեղ արդեն կարևոր չէ, որ հանձնաժողովի մնացած բոլոր անդամները կլինեն անկուսակցական, որևէ կողմնակալություն չեն ունենա, որևէ կասկած չի լինի իրենց առաջադրման հետ կապված, միայն նախագահի ֆիգուրն արդեն խնդրահարույց է:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իշխանության ընտրությունը կանգ առավ հենց Վահագն Հովակիմյանի թեկնածության վրա:

– Վահագն Հովակիմյանը միշտ էլ ակտիվ է եղել ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացներում: Այդ առումով զարմանալի չէ նրա առաջադրումը, քանի որ ՔՊ-ի ամենաիրազեկ ներկայացուցիչներից է այդ ոլորտում: Խնդիրը դա չէ, այստեղ ես Վահագն Հովակիմյան անձի խնդիրը չեմ բարձրացնում, այլ այն, որ ակտիվ քաղաքական և կուսակցական գործունեություն է ծավալել տարիներ շարունակ, ուղղակիորեն ասոցացվում է կուսակցության հետ, նրա նախընտրական քարոզչության հետ, և այդ անձը հիմա պետք է լինի ԿԸՀ չեզոք, անկախ ու անկողմնակալ նախագահ: Դա պարզապես անհնար է պատկերացնել:

Ինչքան ուզում է ջանք թափի, որպեսզի ամեն ինչ իսկապես մաքուր անցնի, արդեն իսկ ստեղծվում են այդ տպավորությունը, այդ կասկածները, որ այդ հանձնաժողովը չի կարող անկողմնակալ լինել: Նույնիսկ իրենց մաքուր, պրոֆեսիոնալ աշխատանքը արդեն իսկ ստվերվում է կոնկրետ անձի նշանակմամբ: Այստեղ ես անձի խնդիր չեմ ուզում բարձրացնել, տվյալ դեպքում կարող էր լինել մեկ այլ անձ նմանատիպ բնութագրերով՝ ակտիվ կուսակցական ու քաղաքական գործիչ, իշխող կուսակցության առաջատար դեմքերից մեկը:

Այստեղ երևույթն է խնդրահարույց, երբ իշխող կուսակցությունն իր կարկառուն դեմքերից մեկին, կուսակցության նախընտրական քարոզչության համար տարիներով պատասխանատու դեմքերից մեկին մեկ օրվա մեջ հանում է կուսակցությունից ու նշանակում անկախ, չեզոք ու անկողմնակալ հանձնաժողովի նախագահ: Սա շատ խնդրահարույց որոշում է, նրանք պետք է այն վերանայեն:

Մանե Հարությունյան

MediaLab.am