ԱԺ-ն ընդունեց համաներման մասին որոշումը

ԱԺ-ն ընդունեց համաներման մասին որոշումը
ԱԺ-ն ընդունեց համաներման մասին որոշումը

Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի օրը`մայիսի քսանվեցին ձայների 91 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ, (ձեռնպահ է քվեարկել միայն ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը) ընդունեց համաներման մասին որոշումը, որը Սերժ Սարգսյանը խորհրդարան էր ներկայացրել մայիսի քսանին:
ԱԺ-ում քննարկման ժամանակ նաեւ որոշ փոփոխություններ են արվել համաներման նախագծի տեքստում: Այդ փոփոխություններն առայժմ չեն հրապարակվել:
Արդարադատության նախարար Հրայր Թոմվասյանը այդ կապակցությամբ այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ համաներումը կտարածվի նաեւ քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի պարագայում:
«Եթե կոնկրետ նկատի ունեք Սասուն Միքայելյանին և Նիկոլ Փաշինյանին, ապա այս համաներումը նրանց վրա կտարածվի և պետք չէ մտավարժանքների մեջ ընկնել»,-ասել է Թովմասյանը: Համաներումը կտարածվի նաեւ քաղբանտարկյալներ Սարգիս Հացպանյանի եւ Արա Հովհաննիսյանի պարագայում:

Համաներման ներկայիս նախագծով համաներումը չի տարածվի միայն մեկ քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանի պարագայում, քանի որ համաներումը չի տարածվում այն հոդվածի վրա, որով դատապարտված է Գալստյանը:

Նշենք, որ համաներման որոշումը կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

Հրայր Թովմասյանը նախօրեին հայտարարել էր, որ համաներման արդյունքում «պատժից ամբողջությամբ կազատվեն 400 մարդ, եւ այն անձինք, որոնց վրա կտարածվի համաներումը, այսինքն` պատժի չկրած մասը կկրճատվի, նրանք եւս կկազմեն մոտ 400»:

© Medialab.am