«Լավ կլինի, որ ուսումնական հաստատությունների աշխատանքը երկու շաբաթով դադարեցնելու որոշում կայացվի». Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Իհարկե չպետք է խուճապի մատնվել, բայց լավ կլինի, որ ուսումնական հաստատությունների աշխատանքը երկու շաբաթով դադարեցնելու որոշում կայացվի։

Ինչպես նաև ողջունելի էր կորոնավիրուսի կանխման նպատակով զինծառայողներին այցելությունները, նրանց արձակուրդներն ու ազատ արձակումները արգելելու որոշումը։

Առողջ ու անփորձանք եղեք, պահպանեք հիգիենայի կանոնները»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է Հայաստանում հաստատված կորոնավիրուսի առաջին դեպքի մասին։

«Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։

Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին»,-գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի։ Քննարկվում է Մարտիմեկյան երթը չեղարկելու հարցը։