ԱԺ-ն ընդունեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու նախագիծը

 ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը ԱԺ նիստում ներկայացրել էի ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նախագծով առաջարկվում է, որ հիմնադրամի շահառու հանդիսանան ոչ միայն ուղղակիորեն մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք իրականացնելու ժամանակ այն զինծառայողները, որոնք վիրավորումը կամ կյանքի հետ անհամատեղելի վնասը ստացել են անմիջականորեն շփման գծում,  այլ նաև ներառվում են հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում կյանքին կամ  առողջությանը հասցված վնասի դեպքերը:

Այսինքն, եթե  զինծառայողը վնասվածքը ստացել է հակառակորդի կողմից նախաձեռնած գործողության հետևանքով, ձեռք է բերել առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն,  կներառվի շահառուների ցանկում և կստանա հատուցում: Նա կներառվի շահառուների ցանկում՝ անկախ այն հանգամանքից, թե վնասը ստացել է մարտական հերթապահության ժամանակ, հատուկ առաջադրանք կատարելու արդյունքում, թե ոչ:

Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայնով: