Գյումրիում ծեծի ենթարկված աղջկա խնամակալի հարցը կքննարկվի հարազատների վերջնական որոշումից հետո

Գյումրի քաղաքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը մարտի 10-ին քննել է Գյումրիում դաժան ծեծի ենթարկված  13-ամյա աղջկա եւ եղբոր գործը՝ ճանաչելով նրանց որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ: Այս որոշումից հետո երեխաները  կկարողանան ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային գումար: Աղջկա նկատմամբ խնամակալության հարցը  հանձնաժողովը այս նիստին չի քննարկել, թեև  խնամակալությունը ստանձնելու մեկ  դիմում է ստացել: Հարցը կքննարկվի միայն հարազատների վերջնական որոշումից հետո:

«Խնամակալության հարցն այս պահին հետաձգել ենք, կսպասենք հարազատների արձագանքին: Արձագանք, ի դեպ,  դեռ չի եղել, իսկ եթե նրանց կողմից արձագանք այդպես էլ  չլինի, արդեն կանդրադառնանք խնամակալության դիմումին»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը՝ կարևորելով նաև եղբոր խնամակալի հարցը:

«Հիմա մենք շատ ենք խոսում աղջկա մասին, բայց չմոռանանք նաև, որ տղան ևս անչափահաս է, չափահաս է դառնալու սեպտեմբերին, և այս պահին նրա հետ կապված ևս խնդիր կա: Հնարավոր է, որ 18 տարին լրանալուց հետո, եղբայրն ինքը ցանկություն հայտնի դառնալ խնամակալ, բայց այս պահին դեռ ոչինչ չենք կարող ասել»,-հստակեցրեց  Էդուարդ  Բաղրամյանը:

Տղան, մոր կենդանության օրոք ու թույլտվությամբ տղան մեկնել է հորաքրոջ մոտ ՌԴ, բայց տղայի խնամակալության համար այս պահին հորաքույրը դեռ չի դիմել: