ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում կոչ են արել պայքարել կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի դեմ

Հանրային առողջապահության ներկայացուցիչները եւ ազգային կառավարությունները պետք Է ոչ միայն աշխատեն զսպել կորոնավիրուսի տարածումը, այլեւ պայքարեն դրա վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ:

Այդ մասին ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի մարտի 11-ին հրապարակված մամուլի տեղեկագրում հայտարարել Է ապատեղեկատվության եւ քարոզչության վերաբերյալ հատուկ զեկուցող Օսկար Մինան (Սան Մարինո), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կորոնավիրուսի բռնկումը առաջին լուրջ ճգնաժամն Է հանրային առողջապահության բնագավառում ժամանակակից սոցիալական ցանցերի դարաշրջանում, իսկ վիրուսի վերաբերյալ շինծու լուրերի արագ տարածումն արդեն մտահոգել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ մի քանի կառավարությունների, որոնք այդ երեւույթն անվանել են «ինֆոդեմիա»:

«Դավադրության տեսությունները, կեղծված պատրաստուկներն ու դեղամիջոցները, կեղծ կանոններն ու պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ հայտարարությունները շրջանառում են Համացանցում եւ սոցիալական ցանցերի հարթակներում,-այդ կապակցությամբ նշել Է Մինան:-Այդ ապատեղեկատվությունը խոչընդոտում Է բուն բռնկման զսպման ջանքերին՝ տարածելով խուճապ, անօգնականություն եւ խտրականություն այն ժամանակաշրջանում, երբ երկրների միջեւ համերաշխությունն ու համագործակցությունն անհրաժեշտ են մարդկային կյանքեր փրկելու համար»:

Մինայի խոսքով՝ կառավարությունները, մեդիաընկերությունները եւ միջազգային կազմակերպությունները պետք Է աշխատեն, որպեսզի երաշխավորվի ստույգ եւ հավաստի տեղեկատվության լայն տարածումը: «Վատ տեղեկատվության դեմ լավագույն միջոցը լավ տեղեկատվությունն Է»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: