«Ժամանակակից գրողները դարձան այս քննադատություններում միմյանց դեմ պայքարելու համար հարմար զենք»․ Թագուհի Ղազարյան

Թագուհի Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է գրականագետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը

– Տիկի՛ն Ղազարյան, ԿԳՄՍ նախարարության ներկայացրած Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, մասնավորապես, գրականություն ուսումնառության հայեցակարգը, բուռն քննարկումներ է առաջացրել։ Ինչո՞ւ։

– Երբ առաջին անգամ կարդացի նախագիծը, ինձ մոտ էլ բազմաթիվ մտահոգություններ ու հարցեր առաջացան, դրանց մի մասը փարատվեց երկխոսության արդյունքում, մի մասը լուծում ստացավ ցանկի լրամշակման արդյունքում, մնացած մասն էլ, հուսամ, ընթացքում կկարգավորվի, քանի որ նկատել եմ, որ հանձնաժողովը բաց է և պատրաստակամ դիտարկելու բոլոր առաջարկները:

Այդուհանդերձ, հակված եմ մտածել, որ այդ քննադատությունների մի մասը միտումնավոր ապակառուցողական ձևով է արվում, ինչը նշանակում է, որ այդ տեսակ քննադատությունների հեղինակներն ամենևին էլ չեն ուզում ավելի լավ չափորոշիչներ ունենալ և բոլորովին այլ մղումներ ունեն:

– Ինչ եք կարծում այս նախագծի շուրջ աղմուկի հիմնական պատճառը ո՞րն է։

– Ոչ թե աղմուկի, այլ այս հնչեղ քննարկման պատճառները մի քանիսն են: Նախ՝ մեր ինքնության հետ կապված ցանկացած թեմա չափազանց զգայուն է մեր հանրության համար: Այսպիսի հարցերի շուրջ մեր հանրային կարծիքները հաճախ բևեռացված են և անհանդուրժող: 

Մյուս պատճառն այն է, որ գործ ունենք մի թեմայի հետ, որն առնչվում է հանրության «ամենախոսող» հատվածի հետ՝ գրողների և գրականագետների, այսինքն՝ մարդկանց, որոնք շատ լավ են կարողանում անհրաժեշտ միտք ձևակերպել, միտք մանիպուլացնել, միտք սադրել, մարտահրավերներ ձևակերպել և, ընդհանրապես, շատ են սիրում խոսել մանավանդ մասնագիտական թեմաներով, և, բացի այդ, լսելի են հանրության կողմից, ինչն էլ իր շղթայական արձագանքներ է բերում: 

Պատճառներից մեկն էլ այն է, որ որոշ մասնագետներ վստահ են, որ այդ հենց իրե՛նք են, որ կարող էին գրել լավագույն չափորոշիչները, և վրդովված են, որ իրենց չեն դիմել այդ հարցով, մինչդեռ իրականում չափորոշիչները կազմող հանձնաժողովի մրցույթը եղել է բաց, հրապարակային, թափանցիկ, և ցանկացած մասնագետ, ով պատրաստակամ էր այդ աշխատանքը կատարել, պետք է դիմեր մրցույթին, քանի որ չի կարելի մարդուն ստիպել, համոզել, պարտադրել անել մի բան, ինչն անելու պատրաստակամության մասին ինքը չի հայտնել: 

Հաջորդ պատճառը զուտ քաղաքական է և կապված է այն շրջանակների հետ, որոնք պատեհ-անպատեհ ցանկացած թեմա պատրաստ են դարձնել քաղաքական շահարկման նյութ՝ փորձելով հասարակական տրամադրություններ գրգռել: 

Սրանից էլ անմիջապես ածանցվում է մեկ այլ պատճառ կամ հետևանք. սա մարդկանց այն խումբն է, որոնք ժամանակին մենաշնորհել էին դասագրքային ոլորտը, մենաշնորհել էին գրականությունը, և իրենք տասնամյակներ շարունակ և՛ չափորոշիչ գրողն էին, և՛ չափորոշչի հիման վրա դասագիրք կազմողը, և՛ դասագրքի հիման վրա վերապատրաստումներ իրականացնողները՝ այս շղթայի ողջ արատավոր հետևանքներով, և այժմ նոր չափորոշիչների հեղինակներին անվանում են «կործանարար երևույթներ» մի պարզ պատճառով, քանի որ իրենց տասնամյակների «կարիերան» կործանվել է:

Հնչեղ քննարկման դրական պատճառն էլ այն է, որ քաղաքացիները գիտեն, որ այս Կառավարության կողմից հանրային քննարկման դրվող բոլոր փաստաթղթերը ոչ թե ձևական բնույթ են կրում, այլ ռեալ ազդեցություն են ունենալու մարդկանց կյանքի որակի վրա, ինչն էլ մղում է նրանց ավելի շատ քննարկել փաստաթղթերը, մանավանդ որ փորձը ցույց է տալիս, որ իրենք լսելի են այդ փաստաթղթերի հեղինակների կողմից, և իրենց բարձրացրած հարցերը հաստատ ուշադրության են արժանանալու:

– Այս օրերին սոցիալական մեդիայում շրջանառության մեջ էին դրվում ժամանակակից գրողների ստեղծագործություններից հատվածներ (ոչ դպրոցական երեխաների համար նախատեսված), որոնք ընդգրկված չեն նախագծում։ Ինչո՞ւ էր արվում նման բան, մանիպուլյատիվ այս դրսևորումների պատճառը ո՞րն է։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ խեղաթյուրված տեղեկություններ տարածելով ցանկանում են մարդկանց շրջանում դժգոհություն առաջացնել։ Ո՞ւմ է դա պետք։  

– Շատ ցավոտ հարց եք բարձրացնում, որի պատասխանը, ցավոք, չունեմ: Առիթի դեպքում կհարցնեմ այսօրինակ արշավի հեղինակներին, քանի որ անձամբ եմ ճանաչում և շփում ունեմ ոմանց հետ, պարզապես այս թեժ պահին միջամտել չեմ ցանկացել: Միայն կարող եմ ցավով արձանագրել, որ արշավն սկսողներից ինձ հանդիպածները բոլորովին էլ այնպիսի մարդիկ չէին, որոնց գիտելիքները կարելի էր կասկածի տակ դնել և ըստ այդմ ենթադրել, թե իրենք են դարձել մանիպուլյացիայի զոհ, քանի որ չեն հասկացել, թե ինչ է իրենց հրամցվում:

Ընդհակառակը, քաջ գիտակցելով, որ անգամ ամենադասական հեղինակների (ամենադիպուկ օրինակը՝ Եղիշե Չարենցի) դեպքում էլ կարելի է հրապարակել ծրագրերում չներառված տեքստեր, օրինակ՝ անտիպներից, և մարդկանց ասել, որ ահա այս հեղինակի ստեղծագործություններն են անցնելու դպրոցում, ու վրոդովմունքի ալիք բարձրացնել այդ կապակցությամբ, այդ մարդիկ իրենք են փորձել հույսները դնել պակաս գիտելիքներ և հետազոտական թույլ հմտություններ ունեցող մարդկանց մանիպուլացվելու հատկության վրա: Սա, ես կարծում եմ, անազնիվ մոտեցում է, բայց թե ինչ մղումներով է դա արված, նույնիսկ ենթադրել չեմ կարող: Եթե նույն մարդիկ ազնիվ «զենքեր» կիրառած լինեին, դեռ կկարողանայի հուսալ, որ գրականության համար են մտահոգ: 

– Ինչո՞ւ ժամանակակից գրողները հայտնվեցին քննադատության թիրախում։ 

– Ժամանակակից գրողները՝ որպես գրականության «խոցելի խումբ» (ի համեմատություն անքննելի և անձեռնմխելի դասականների), պարզապես դարձան այս քննադատություններում միմյանց դեմ պայքարելու համար հարմար զենք:

Շատ դեպքերում այս քննարկումներում խոսքը բնավ էլ գրողի տեքստին չի վերաբերում, այլ այդ տեքստը չափորոշիչներում ներառողներին, այդ թվում՝ նախարարությանը և կառավարությանը: Ուրիշ ինչպե՞ս, ասացեք խնդրեմ, պետք է հարվածեին չափորոշիչների պատասխանատուներին՝ դասականների՞ միջոցով, էպոսի՞, Աստվածաշնչի՞:

Բայց այս ամենն իհարկե ունի շահեկան կողմեր ևս: Գրական կայքերի խմբագիրները պնդում են, որ վերջին օրերին քննարկվող ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները դիտումների նոր ռեկորդներ են սահմանել:

– «Հայ գրականություն» առարկայից հանվում է «հայ» բառը, փոխարենը պետք է լինի «Գրականություն» առարկան, որը ներառելու է նաև արտասահմանյան հեղինակների գործեր։ Սա ևս շատ քննադատվող թեմաներից է։ Դուք ինչ կարծիքի եք։

– Սկզբունքորեն դեմ չեմ ո՛չ «հայ» բառը ներառելուն, ո՛չ չներառելուն: Ի վերջո, թարգմանական գրականությունն էլ հայ գրականության մաս է, մանավանդ որ մենք ունենք ձևավորված ավանդույթ, որ թարգմանիչներն իրենք էլ գրողներ են եղել: Այսքան խոսվեց հայ գրականության Ոսկեդարից, բայց չէ՞ որ Ոսկեդարն էլ մեծապես պայմանավորված էր թարգմանական գրականությամբ, թարգմանական գրականությունը նաև արդիականության հիմքերում է՝ ի դեմս Մխիթարյանների, և թարգմանական գրականությունը ևս կարող է հանգիստ տեղավորվել «Հայ գրականություն» եզրույթի տակ:

Ի վերջո, գրականության վրա գրված կամ չգրված «հայ» բառից ավելի կամ պակաս հայ չեն դառնում: Հայրենասիրության լավագույն դրսևորումը կլինի սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիներ և այդ քաղաքացիների միջոցով կոռուպցիայից զերծ, ժողովրդավար և համերաշխ հասարակություն ձևավորելը: Կարծում եմ՝ հայի ազգային նկարագիրը ամենևին չի վսեմանում հայհոյախոսության, անհանդուրժողականության և ագրեսիայի այն դրսևորումների արդյունքում, որոնք ի հայտ են գալիս այս թեման շոշափելիս: 

– Նախագիծը ներկայացնելիս նաև այն կարծիքը հնչեց, որ նախագիծը նոր մոտեցումներ է առաջարկում։ Մասնավորապես, եթե մինչ այս աշակերտից պահանջվում էր տեքստը անգիր անել, կարդալ, պատմել, նախագծի շնորհիվ փորձ է արվելու աշակերտների մոտ զարգացնել քննադատական մտածողություն, տեքստի հետ աշխատելու կարողություն, վերլուծելու հմտություններ։ Կարծես այս բացը ունեինք դպրոցում։ Այս մասին ինչ կասեք։

– Նախկին չափորոշիչներով դպրոցում սովորածներս շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր մեծ մասամբ կազմակերպվում գրականության դասը: Գոյություն ուներ դասագիրք, որտեղ պատմվում էր հեղինակի կենսագրությունը, արդեն վերլուծված էր, թե որ գրողի որ ստեղծագործության ո՛ր տողն է կարևոր կամ արժեքավոր, թե որտեղ ինչի՛ն է պետք ուշադրություն դարձնել:

Ուսուցիչը, չշեղվելով դասագրքի տրամաբանությունից, պատմում էր այն աշակերտներին, աշակերտները տանը արդեն կարդում էին ուսուցչի՝ դասարանում պատմած տեքստը, և հաջորդ օրը իրենք էին գալիս և ուսուցչին պատմում այդ նույնը: Ահա սա էր ամբողջը: Նոր չափորոշիչներով առաջարկվում է սովորել գրականության մեկնաբանության տարբեր մեթոդներ, ստեղծագործություններին նայել տարբեր կողմերից, հարցադրումներ անել, ունենալ բազմազան մոտեցումներ, ինքնուրույն վերլուծել և այդ ամենի արդյունքում, ի վերջո, ինքնուրույն արժևորել ստեղծագործությունը:

– Մեր դպրոցը, ուսուցիչները պատրա՞ստ են նման հայեցակարգի շրջանակում աշխատելու, թե՞ նախատեսվում է վերապատրաստում։

– Մինչև այս չափորոշիչներով կազմված ծրագիրը մտնի դպրոց, մենք դեռ մոտ երկու տարի ժամանակ ունենք: Որքանով ես եմ տեղյակ, լինելու են վերապատրաստումներ: Բայց ավելի հավաստի տեղեկություններ կարող եք փորձել ճշտել նախարարությունից։

Արփինե Արզումանյան

MediaLab.am