Իրավապաշտպանները պահանջում են ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստներին

Հայաստանյան իրավապաշտպաններն այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են ազատ արձակել գիշերը ձերբակալված ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներին, ովքեր ներկայում գտնվում են նախնական պահման մեկուսարանում:
Իրավապաշտպանները պահանջում են ոչ միայն ազատ արձակել ձերբակալվածներին, այլ նաեւ «անաչառ հետաքննության արդյունքում պատժել բռնություն գործադրողներին ու շինծու քրեական գործ սարքողներին»:
Հիշեցնելով, որ ոստիկանության շենքում բռնության է ենթարկվել անգամ երիտասարդների փաստաբաններից մեկը, հայտարարության հեղինակները նշել են, որ «կեղծված ընտրությունների արդյունքում իշխանությունը զավթած խմբավորումը  երկիրն, ըստ էության, վերածել է ոստիկանական պետության»:
«Օրենքը չի գործում: Ոչ ոք պաշտպանված չէ: Իսկ նրանք, ովքեր փորձում են պաշտպանել իրենց, առավել եւս, այլոց իրավունքները,  հայտնվում են թիրախի կարգավիճակում: Սա է պատճառը, որ այս երիտասարդները այդքան հաճախ ոստիկանների կողմից բռնությունների են ենթարկվում, ձերբակալվում ու կալանավորվում են: Մենք` իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներս, դատապարտում ենք Կոնգրեսի երիտասարդ յոթ ակտիվիստների նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված բռնությունը եւ նրանց նկատմամբ շինծու քրեական հետապնդում սկսելու փորձերը»,- գրված է իրավապաշտպանների հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են
«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ի ղեկավար Վարդան Հարությունյանը, «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը,
«Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» հ/կ-ի ղեկավար Նատալյա Մարտիրոսյանը,
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը,
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը,
Հույս հ/կ-ն: