2011 թվականի օգոստոսի 16-ին` ժամը 13-ի սահմաններում, Վանաձորի քաղաքային գերեզմանատանը, հարազատների շիրիմի մոտ հայտնաբերվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արամ Գրիգորյանի դիակը՝ գլխի քունքայինի շրջանում հրազենային 1 վնասվածքով: Նախնական տվյալներով՝ Գրիգորյանը կատարել է ինքնասպանություն՝ իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ:
Դեպքի վայրում, դիակի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը եւ 1 պարկուճ: Գերեզմանատան մոտ հայտնաբերվել է նաեւ Ա.Գրիգորյանի անձնական օգտագործման ավտոմեքենան, որի նստատեղին եղել է գրություն՝ իր մահվան մեջ ոչ մեկին չմեղադրելու վերաբերյալ: Գրության մեջ մասնավորապես ասվում է. «Իմ որոշումը վերջնական է, խնդրում եմ ինձ ներել եւ ոչ մեկին չմեղադրել: Իմ մահվան մեջ ոչ ոք մեղավոր չեն»:
ՀՀ Դատախազությունը տեղեկացնում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը): Նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Արամ Աշոտի Գրիգորյանը ծնվել է 1974 թվականին, Վանաձոր քաղաքում: 1996 թվականին ավարտել է Երեւանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1996-1998թթ.՝ ծառայել ՀՀ զինված ուժերում: ՀՀ դատախազության համակարգում աշխատել է 1999 թվականից՝ նախ որպես Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ, ապա քննիչ-քրեագետ, իսկ 2007 թվականի նոյեմբերից մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը՝ աշխատել է Լոռու կայազորի զինվորական դատախազությունում որրպես դատախազ, իսկ 2011 թվականի հունիսից՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում:
Ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխա:
© Medialab.am