«Եթե հեղափոխություն է, ուրեմն գլխին տալիս ու վերցնում ես, երբ դու ասում ես՝ օրենք ու հեղափոխություն, դրանք իրարամերժ են». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

– Պարո՛ն Դանիելյան, երկու տարի անցավ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից, ի՞նչ է փոխվել, ինչ հիասթափություններ ու ձեռքբերումներ են եղել այս ընթացքում։

– Մարդկանց այն հույսերն արդարացան, որ ահագին անասուն արդեն դուրս են եկել պաշտոններից։ Ափսոս, իհարկե, բոլորը չեն նստել, դրա վրա եմ մի քիչ ջղայնացած։ Չեմ ասում, որ հիմիկվաններով հիացած եմ, բայց որ գող-ավազակները չկան, իհարկե, դա ինձ ավելի է դուր գալիս։ Համենայնդեպս, հույս կա, որ մյուս ընտրություններին կարող ենք ինչ-որ բան ձևավորել։ Այն հուսահատությունը չկա, որ գողի աչքերով ինչ-որ մարդիկ պետք է լինեն միայն։

– Օրերս Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսեց սաբոտաժ անողների մասին, ասաց. «Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու և սամասուդ անելու։ Եվ այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել»: Սա ոմանց ուղղված նախազգուշացո՞ւմ է։

– Շատ իզուր, որ ժամանակին սամասուդ չի արել։ Դա նախազգուշացում չէ, ուղղակի հավայի ասում է։ Իրենք բոլորին վաղուց կարող էին սամասուդ անել ու պրծնել։ Հեղափոխության տրամաբանության մեջ դա մտնում էր։ Մենք դա չարեցինք, իսկ հիմա խաշից հետո սխտոր են դրել սեղանին, ուրախանում են։ Վաղուց պետք է սաղի հերը անիծած լինեին, որ հիմա այդպես չհոխորտային։

– Ասում է՝ թավիշը ոմանք չարաշահում են։

– Այդ բառը ինձ դուր չի գալիս՝ «թավիշ»։ Դա ավելի շուտ թուլամտություն է։ Թավիշը ո՞րն է, դա ի՞նչ բառ է ընդհանրապես։ Կամ միգուցե ունես պայմանավորվածությո՞ւն իրենց հետ՝ չգիտեմ։ Հեղափոխության տրամաբանության մեջ չի մտնում այն, որ ինչ-որ խմբեր ձևավորեն, ամեն ուռոդի հետ նստեն, սկսեն բանակցել՝ մեղավոր է, մեղավոր չէ, Մանվելի տուշոնկեքը հաշվեն ամիսներով ու տարիներով, Քոչարյանին չկարենան դատեն, ուռոդ դատավորները մինչև հիմա մնան։ Դա ի՞նչ թավիշ, ուղղակի թուլամտություն է։ Դա շատ վատ է, վախտին պետք է սաղին դնեին պատին։ Եվ հիմա պետք չէ ասել՝ եթե ուզեինք, ժամանակին կանեինք։ Է, ուզեիք, ո՞վ էր ձեզ բռնում։

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը վերջնական ընդունվեց, կարո՞ղ ենք սպասել, որ ի վերջո կսկսվի ապօրինի ունեցվածքի ու դղյակների բռնագանձման գործընթացը։

– Ըստ իրենց գործելաոճի կսկսեն նորից գործել։ Մի ուռոդի միլիարդանոց տունը կվերցնեն, նա կասի՝ տատս ա էս տունը տվել ինձ։ Եվ իրենք օրենքով չեն կարող ապացուցել, որ նրա տատը վաղուց՝ 1800 թվին մեռել ա, չէր կարա էդ տունը իրեն տալ։ Չեն կարողանա ապացուցել և այդպես ամեն կոպեկի համար ընկնելու են տարիներով ու քննեն գործերը։ Իսկ իրենց մնացել է ընդամենը մի երկու տարի։ Իրենք երկու տարի գլուխ արդուկեցին, հիմա ի՞նչ՝ պատրաստվում են Սուրիկ Խաչատրյանի դղյակները դնեն հաշվե՞ն։ Նա էլ կասի՝ զոքանչս է տվել, և այդպես նորից կձգվի։ Այդ նույն բանը կարող էին մեկ տարի առաջ անել։ Ես չգիտեմ, թե այդ բռնագանձման օրենքն ինչ պրինցիպով է դա անելու։ Թող ինձ ասեն, ես սաղ գիտեմ՝ ով է գողացել, մեկ-մեկ կարող եմ ասել, թող գնան բռնեն։

– Իսկ ո՞րն է ճանապարհը, ինչպե՞ս պետք է ապօրինի գույքը հետ բերել։

– Հեղափոխությունն ամենաանօրինական, հակապետական, հակաիրավական գործընթացն է։ Եվ երբ դու ասում ես՝ օրենք ու հեղափոխություն, դրանք իրարամերժ են։ Եթե հեղափոխություն է, ուրեմն գլխին տալիս ու վերցնում ես։ Էն էլ թավշյա հեղափոխություն, ա՛յ քեզ բան, էդ ի՞նչ խոսքեր են վաբշե։

– Այդուհանդերձ, երկու տարի անց մարդկանց ակնկալիքները մեծ մասամբ արդարացե՞լ են, թե՞ ոչ։

– Դա պետք է մարդկանց հարցնել, կոնկրետ ես ոչ մի իշխանությունից ակնկալիք չունեմ։ Բայց հիմա ես ավելի հանգիստ եմ ապրում։ Իմ հացը հանգիստ եմ ուտում, իմ քունն ավելի հանգիստ է, որովհետև ես գիտեմ, որ կան արդար ու ազատ ընտրություններ, կան արդարության ինչ-որ նշույլներ։ Դա ինձ բավարարում է։ Այն, որ նախկինները չկան, դա արդեն ինձ դուր է գալիս, իսկ սրանց հետ разберемся, հարց չկա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am