«Ազգ-բանակ հայեցակարգի հիմքում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հաշվին երկրի պաշտպանության ապահովման խնդիրն է». Արթուր Սաքունց

«Ազգ-բանակ հայեցակարգի հիմքում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հաշվին երկրի պաշտպանության ապահովման խնդիրն է». Արթուր Սաքունց
«Ազգ-բանակ հայեցակարգի հիմքում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հաշվին երկրի պաշտպանության ապահովման խնդիրն է». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

– Պարո՛ն Սաքունց, ազգ-բանակ հայեցակարգով պետությունը զինծառայողներին առաջարկում է երկու տարվա փոխարեն երեք տարի ծառայել: Առաջին հայացքից կարծես գայթակղիչ առաջարկ է արվում՝ ծառայության դիմաց 5 մլն դրամ: Ներկայացվում է,  որ ծառայությունը սկսում ես որպես շարքային, ավարտում որպես միլիոնատեր: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Ինքնին Ազգ-բանակ հայեցակարգը, որն առաջադրվեց նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանի կողմից դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, իր էությամբ հանդիսանում է պետության ռազմականացմանն ուղղված հայեցակարգ: Բովանդակության տեսակետից այն, ինչ առաջարկվում է հայցեկարգի իրականացման նպատակով, պայմանավորված է միայն մեկ խնդրի առկայությամբ: Դա զինված ուժերն անհրաժեշտ թվակազմով համալրելու խնդիրն է:

– Գաղտնիք չէ, որ այդ խնդիրն առաջացել է արտագաղթի հետևանքով: Հատկապես տղա երեխաներին ծնողները փորձում են արտերկիր տանել՝ ազատելով բանակում ծառայելուց:

– Այո՛, զինված ուժերի թվաքանակի խնդիրն առաջացել է հատկապես վերջին 10 տարիներին՝ արտագաղթի հետևանքով: Պաշտոնական տվյալներով՝ առնվազն 320 հազար քաղաքացիներ անվերադարձ արտագաղթել են այդ տարիներին:
2016-ի ապրիլյան պատերազմական  գործողությունները առավել ևս ի ցույց դրեցին մինչ այդ էլ բազմիցս հրապարակայնացված այն մտահոգիչ փաստը, որ առաջնագծում հիմնականում ծառայում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Այսինքն՝ ունենք աղքատություն, սոցիալապես անապահով լուրջ խավ և զինծառայողների անբավարար թվաքանակ: Բնականաբար, այս պայմաններում պետք էր առաջարկել մեխանիզմ, որպեսզի բանակի համալրման խնդիրը լուծվի: Եվ խնդիրը կարող էին լուծել այն տրամաբանության շրջանակներում, որում գտնվում է իշխանությունը՝ երկարացնել ծառայության ժամկետը: Բայց ծառայության ժամկետը երկարացնելը լրիվ այլ կերպ կընդունվեր, որովհետև դրա հիմնավորումների դեպքում անխուսափելիորեն առաջ էր գալու արտագաղթի՝ հենց իշխանության քաղաքականության հետևանքի քննարկումը: Նաև մյուս կողմից` առաջ էր գալու միջազգային ասպարեզում պետության իմիջի հարցը, որ Հայաստանն անթաքույց քայլ է կատարում դեպի ռազմականացում, իսկ իշխանությունը չէր ցանկանա այդ պատկերացումն ստեղծել: Եվ ահա մտածեցին այդ միջանկյալ տարբերակը, որ և՛ ծառայության ժամկետը երկարացնելու միջոցով համալրման խնդիրը լուծեն, բայց միաժամանակ ռազմականացման այդ երևույթն ակնհայտ չերևա: Եվ այնպիսի առաջարկ են անում, որից հրաժարվելը, հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար, շատ դժվար է:

– Այսինքն՝ դարձյալ սոցիալապես անապահով ընտանիքների զավակների հաշվին են փորձում համալրել բանակը: Սա ինչպե՞ս եք գնահատում այն գովազդային հոլովակի ֆոնին, որ երեք տարի անց զինծառայողը դառնում է միլիոնատեր:

– Այդ գովազդն իր էությամբ հրեշավոր է այն իմաստով, որ մարդկանց առաջարկվում է  հետևյալը՝ դուք կստանաք գումար, գումարի դիմաց կտաք կյանք: Ի դեպ, եթե այդ 5 մլն դրամը բաժանենք երեք տարիների վրա, ամսական ստացվում է 130 հազար դրամի չափով գումար: Դա այսօր նույնիսկ կենսամակարդակի ապահովման տեսանկյունից բավարար չէ: Իսկ երեք տարի ծառայությունից հետո` գոյություն ունեցող գնաճի և տնտեսական իրավիճակի պայմաններում, ընդհանրապես գրոշներ կլինի: Դա անունով է միլիոն, բայց այդ միլիոնը հաստատ չի բավարարի, որ  մարդ բնակարան գնի և այլն: Այստեղ դա ամրապնդում են մեկ այլ առաջարկներով: Դա այն է, որ՝ եթե հանկարծ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվեք, ձեր ընտանիքները կստանան 10 մլն դրամ, իսկ եթե վիրավորվեք, ապա ևս` 5 մլն դրամ: Այսինքն՝ ստացվում է ֆինանսական խոստումներով  սոցիալապես անապահով ընտանիքներին փորձում են գայթակղել:

Դա հաստատ կգործի սոցիալապես անապահով ընտանիքների համար, որովհետև իրական, ոչ թե դրամային, այլ դոլարային միլիոնատերերի ընտանիքների համար չի կարող գայթակղիչ առաջարկ լինել: Եվ ստացվում է, որ ազգ-բանակ հայեցակարգի ամբողջ հիմքում ընկած է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հաշվին երկրի պաշտպանության ապահովման խնդիրը: Եվ այստեղ շատ կարևոր հանգամանք էլ կա. իշխանություններն ակամա խոստովանում են, որ ժողովրդագրական վիճակը, որի մասին անգամ Սերժ Սարգսյանն է հրապարակավ խոսում, իրենց ձախողված ու արատավոր քաղաքականության  հետևանքն է: Երկրորդ` նրանք ոչ թե արժևորում են պետության կողմից քաղաքացու նկատմամբ պատասխանատվությունը, այլ քաղաքացիներին դիտարկում են որպես հպատակ ու թնդանոթի միս: Հայաստանի Հանրապետությունում բացարձակապես օրակարգային չէ թվակազմի լրացման հարցը, դա հետևանք է: Դա հետևանք է տնտեսական, սոցիալական, իրավական, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների խնդիրների, կոռուպցիայի, ստվերային տնտեսության, այսինքն՝ այն խնդիրների, որոնց լուծման դեպքում արդեն կարող ես անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի, և պետությունը երկրի պաշտպանության խնդիրը կլուծի մարդկանց միջոցով, որոնք  զինվորական մասնագիտությունը կընտրեն որպես իրենց հիմնական զբաղմունք:

– Այսինքն՝ սրանով չի լուծվելո՞ւ սոցիալական անարդարության խնդիրը:

-Ո՛չ, սա չի լուծում սոցիալական անարդարության ու բևեռացման խնդիրը, որն այս պահին առկա է: Հակառակը, առաջարկվող հայեցակարգն ավելի է խորացնում այդ սոցիալական բևեռացումը, դրան տալիս է ինստիտուցիոնալ տեսք և իրավական հիմքեր է ստեղծում դրա շարունակականության համար: Սա՛ է ամբողջ իմաստը: Եվ դա, կրկնում եմ, հրեշավոր գովազդ է: Դա անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ՝ «Կյանք` փողի դիմաց» բանաձևով:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am