Խնդիր ենք դրել առաջնորդվել ավելի մեծ ամբիցիաներով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը քննարկում է հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունն ու ռազմավարությունը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս ճգնաժամի արդյունքում Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է ավելի ուժեղացած դուրս գան իրավիճակից:

«Մեր որոշումը միանշանակ է, մենք մեր առաջ խնդիր չենք դրել և չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական իրավիճակը, որքան էլ այդ իրավիճակը լավն էր Հայաստանում: Մենք խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվելու հետճգնաժամային իրավիճակի նկատմամբ դիրքավորվելիս:

Այստեղից բխում է մեր գործողությունների տրամաբանությունը, որ մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր, գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել ենք ու իհարկե, պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, որը պետք է ունենա զարգացման տրամաբանություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ նույնպես ի հայտ բերելու է:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է առերեսվել ու համարժեք քայլեր ձեռնարկել նաև դրանց ուղղությամբ: