ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Վերին Լարսի անցակետում իրավիճակի վերաբերյալ:

Հեղինակ MediaLab

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունը Վերին Լարսի անցակետում իրավիճակի վերաբերյալ ներկայացնում ենք ստորեւ:

Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենադարձվող Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար:

Հավելենք, որ Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով:

ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով, իսկ ՀՀ քաղաքացիների մարդատար ավտոմեքենաները Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղակայվել են շուրջօրյա վերահսկողություն ունեցող հատուկ կայանատեղիում: Կրկին ընդգծենք, որ այս տեղափոխությունը կատարվել է բացառության կարգով, և ՀՀ-ի և Վրաստանի միջև ցամաքային սահմանը փակ է ուղևորների համար:

Ինչպես նշել էինք, արդեն երրորդ օրն է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը գտնվում էր Վերին Լարսի անցակետում, որտեղ համակարգում էր ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու աշխատանքները, պատասխանում էր ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերին և աջակցում վերջիններիս առջև ծառացած այլ խնդիրների հասցեագրմանը:

Շնորհակալ ենք ճգնաժամային իրավիճակում հայտնված բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցուցաբերել են ողջամտություն և ըմբռնում, և դրանով իսկ աջակցել են մեր դիվանագետների աշխատանքին: Կոչ ենք անում նմանատիպ իրավիճակներում հայտնված մեր բոլոր քաղաքացիներին հանդես բերել քաղաքացիական բարձր գիտակցություն, չտրվել առանձին սադրանքների և չխանգարել մեր դիվանագետների աշխատանքը, որը միտված է նախ և առաջ ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը:

Այս մասին ծանուցում է պաշտոնական հաղորդագրությունը: