Արցախում մինչ այս կորոնավիրուսի դեպք չի գրանցվել: Այս մասին Factor.am-ին ասաց Արցախի տեղեկատվական շտաբի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Որոշակի պարբերականությամբ փորձանմուշներ ենք ուղարկում Հայաստանի մեր գործընկերներին, երբ քաղաքացիների մոտ հնարավոր ախտանիշեր են նկատելի: Այն անձանց մոտ, որոնցից պետք է նմուշառում կատարվի, մենք միանգամից մեկուսացնում ենք նախատեսված վայրերում»,- ասաց նա:
Տիգրան Աբրահամյանն ասաց, որ ընթացքում մեկուսացումներ լինում են. «Օրինակ՝ ուսանողները, որոնք որ արտերկրում են եղել, մեկուսանում են տանը կամ հատուկ նախատեսված բժշկական հաստատություններում: Այս պահին մեկուսացվածների թիվը չեմ կարող ասել, քանի որ տվյալները վերջնական չեն, առաջիկայում կհայտնենք»:
Տեղեկատվական շտաբի ղեկավարի փոխանցմամբ՝ մեկուսարաններից մեկը տեղակայված է Շուշիի հիվանդանոցում, սակայն այլ շրջաններում ևս կան: Անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Արցախում հետարձգվեն մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Այս մասով ես լիազորություններ չունեմ մեկնաբանություններ տալու, միայն կարող եմ տեղեկացնել, որ Արցախում էլ մեծ թվով աշխատանքներ են իրականացվում, քաղաքական ուժերը փորձում են իրենց քարոզարշավը տեղափոխել առկա տրամաբանության մեջ»: