Ահազանգեր եմ ստանում, որ «Գազպրոմ Արմենիան» աշխատանքի է կանչել բոլոր տեսուչներին, որ անջատեն գազի ամսավճարը չվճարած բաժանորդների գազը. իրավապաշտպան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է.

«Հարգելի լրագրողներ և Պարետատուն։

Ես ահազանգեր եմ ստանում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այսօր աշխատանքի է կանչել իր բոլոր տեսուչներին։ Նպատակը՝ անջատել այն բոլոր բաժանորդների գազը, որոնք չեն վճարել գազի ամսավճարը։ Այս իրավիճակում մարդիկ ահազանգում են, որ գտնվում են անելանելի վիճակում։

Նման մոտեցումը հակասում է պարետի երեկվա որոշմանը՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակման մասին, քանի որ, ըստ ինձ փոխանցած տեղեկատվության, տեսուչները եկել են աշխատանքի, կուտակվել 30-40 հոգով մեկ աշխատասենյակում, ակտիվորեն շփվում են թե՛ միմյանց հետ, թե՛ գազի բաժանորդների։

Մյուս կողմից, մարդիկ, ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին կատարել վճարումները, բայց նրանց, այս դժվար պայմաններում ևս մեկ սթրեսային իրավիճակ է սպառնում՝ գազի անջատման տեսքով։

Կարծում եմ, այս հարցը չի կարելի մատնել անուշադրության։

Թե՛ լրատվամիջոցները,թե՛ պարետատունը պետք է միջամտեն ու փորձ կատարվի լուծել խնդիրը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ու բնակչության միջև, իսկ տեսուչներին ինքնամեկուսացումից բերել-կուտակելը աշխատավայրում ուղիղ հակասության մեջ է պարետատան պահանջի հետ»։