ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունը:
Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։
«Լաչինի միջանցքում իրավիճակի ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների ողջ համալիրն անշեղորեն պահպանելու կարևորությունը», – նշված է հաղորդագրությունում։
Կրեմլում հավելել են, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։