«Թուրքիայում մեկ Բայրաքթարի ստեղծման համար ծախսում են 270 մլն դոլար, դա մեր գիտությանը հատկացված միջոցներն են 10 տարվա ընթացքում»․ ԳԱԱ նախագահ

Արցախի դեմ 44-օրյա պատերազմը շատ մեկնաբաններ անվանում են 5-րդ սերնդի պատերազմ, այս պատերազմում մեր զոհերի ու կորուստների 90 տոկոսը պայմանավորված էր թշնամու տեխնոլոգիական առավելությամբ։ Այս մասին ԱԺ լսումների ժամանակ ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ Թուրքիայում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 2 տոկոսը։ «Ասում են, որ նրանք մեկ Բայրաքթարի ստեղծման վրա ծախսում են մոտավորապես 270 մլն դոլար։ Այդ 270 մլն-ը մեր գիտությանը հատկացված միջոցներն են 10 տարվա ընթացքում»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ զարգացած գիտություն ունենալը պահանջում է հետևյալ կարևոր խնդիրների լուծում՝ անհրաժեշտ ֆինանսավորում, համապատասխան կադրային ներուժ, բարձր մակարդակի միջազգային համագործակցություն, գիտական բարձր մակարդակին համապատասխանող պետական պատվեր։ «Սրանք են այն հիմնական խնդիրները, որոնց լուծումը կբերի գիտության զարգացմանը»,- ասաց նա։

Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը՝ ԳԱԱ նախագահը նշեց, որ երկար տարիներ գիտությանը հատկացվող միջոցները կազմում են ՀՆԱ-ի 0,25 տոկոսը։ «Կարելի է ասել՝ սա գիտության ֆինանսավորում չէ, ես նակտի ունեմ 1991 թվականից մինչև հիմա։ Մենք ոչ թե այս միջոցներով ֆինանսավորել ենք գիտությունը, այլ այս միջոցները տրամադրվել են՝ պահպանելու այն գիտական կազմակերպությունները, որոնք սովետական շրջանում զբաղվում էին գիտությամբ»,- նշեց նա։

Մարտիրոսյանն ասաց, որ ըստ հետազոտությունների՝ այն երկրում, որտեղ գիտության զարգացմանը տրամադրում է ՀՆԱ-ի 1 տոկոսից պակաս, ապա այդ գիտությունը չի կարող տվյալ երկրի տնտեսության վրա ուեննալ որևէ դրական ազդեցություն։