Դատարանը «օրենքով գողին» թույլատրել է երկիրը լքել, որից հետո հետախուզում է հայտարարվել․ ԲԴԽ-ն դատավորին նկատողություն է հայտնել․ Factor.am

Factor.am – Դեռևս նախորդ տարի հուլիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը թույլատրել էր «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին՝ Հայկ Սարգսյանին, լքել երկիրը։

Նրան թույլ էր տրվել երկրից բացակայել օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 16-ը ընկած ժամանակահատվածում։ Ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5.6 մմ տրամաչափի օղակավոր բոցավառման 3 հատ փամփուշտ կրելու, ձեռք բերելու համար մեղադրվող «օրենքով գողը», սակայն, գնացել է երկրից և այլևս չի վերադարձել։

Հայկո Աստրախանսկիի՝ երկրից հեռանալու թույլտվության միջնորդությունը դատարանին էր ներկայացրել նրա փաստաբանը՝ որպես պատճառ նշելով նրա ունեցած հիվանդությունները, որոնք, ըստ փաստաբանի, պետք է բուժվեին արտերկրում։

Ինչևէ, «օրենքով գողի» չվերադառնալուց հետո, արդեն այս տարի հունվարին, Արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ` «օրենքով գողին» բաց թողած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։

Արդարադատության նախարարությունը, մասնավորապես, նշել է, որ դատարանի որոշումը եղել է հիմնազուրկ, դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց, որ տվյալ անձի բուժումը հնարավոր է կատարել միայն արտերկրում։ Մարտի 19-ին Բարձրագույն դատական խորհուրդը, դատավոր Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, դռնփակ նիստ է անցկացրել, որտեղ էլ քննության են առել այս հարցը։ Քննարկելով ստեղծված իրավիճակը` ԲԴԽ-ն որոշել է դատավորին նկատողություն հայտնել։

Որոշումը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից։ Հայկո Աստրախանսկին էլ, որն այժմ ազատության մեջ է, նախկինում մի քանի անգամ դատապարտվել է գողության համար: