Սրտիկներ, ժպիտներ, օդային ուղերձներ. ինչ է փորձում փոխանցել Փաշինյանը. Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանը առավոտյան ողջունում է քաղաքացիներին տեսանյութով, որում նա ձեռքով սրտիկ է ցույց տալիս՝ ամեն անգամ տարբեր երաժշտության ներքո։ Ի՞նչ նպատակով է նա այդ ամենն անում։


– Նա ուղղակի դրական ասելիք չունի, բայց պետք է մնա լրատվական դաշտի կենտրոնում, դրա համար էլ ասելիքը փոխել է այդ շարժումներով։ Նա այն գործիչներից է, որի մասին պետք է ամեն օր խոսեն, դրա համար էլ ամեն անգամ ինչ-որ ձև է գտնում լրատվամիջոցների կենտրոնում գտնվելու համար։ Նրա նպատակն է, որ իր մասին խոսեն, կապ չունի անգամ, որ կարող է որոշ մասն էլ իրեն ծաղրի, նրա համար կարևոր է, որ իր մասին խոսեն։ Դրական ասելիք չունենալը փոխարինում է դրանով։ Հիմնական նպատակը հանրության ուշադրության կենտրոնում մնալն է։

– Հաջողվո՞ւմ է այդ կերպ հասնել նպատակին։

– Չէի ասի, իմ փոքրիկ դիտարկումները ցույց են տալիս, որ մեծ մասին դա չի հետաքրքրում, անգամ զայրացնում է որոշ մասին, բնականաբար նրա աջակիցները գովերգում են դա։ Բայց ինչպես ասացի՝ իր նպատակն է մշտապես լինել լրատվական դաշտի կենտրոնում, մարդկանց ամեն օր ողջունելու համար չէ, որ դա անում է։

-Հովհաննավանքում պատարագին մասնակցելն էլ, ըստ ձեզ, քաղաքական հաշվարկի՞ արդյունք էր, տեխնոլոգիա՞ է։

– Չէ, դա տեխնոլոգիա չէ, հատուկ քաղաքականություն է, նպատակն է Եկեղեցին ներսից քանդել, որովհետև Եկեղեցին այլընտրանքային լրատվամիջոց է նաև, որտեղ քահանաներն առանձին զրույցների ժամանակ կարող են իրենց դիրքորոշումը հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը հօգուտ վարչապետի չէ։ Իսկ ընտրությունները մոտենում են, դրա համար էլ փորձ է կատարվում այդ այլընտրանքային ցանցային, նաև ազգային կառույցը ջարդել ու բերել իր ենթակայության տակ։ 

Այս կարգալույծ արված քահանան, որի մատուցած պատարագին էլ գնում է վարչապետը, բացահայտ վարչապետի գովքն է անում, իսկ Փաշինյանը ցանկություն ունի հենց նմանատիպ քահանաներով լցնել այդ կառույցը, որպեսզի ընտրությունների ժամանակ խանգարիչ գործոններ չունենա։ Նա փորձում է Հովհաննավանքով հասնել այդ ամենին, նկատելի է սակայն, որ անցած պատարագին նա ձախողում է գրանցել, քանի որ չի կարողացել ցանկալի թվով մարդ հավաքել այնտեղ, դրա համար էլ այս կիրակի ևս գնում է այնտեղ, որպեսզի ծածկի այդ ձախողումը, եթե կարողանար իր համար ցանկալի թվաքանակը ապահովել, Հովհաննավանքից հետո հաջորդը՝ Էջմիածինն է։ 

Այս սակավաթիվ մարդկանց փաստը շատ կարևոր ցուցիչ է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար, որ Հայաստանում փողոցի գործոնը դադարել է գոյություն ունենալուց։ 

Հիմա կարող ենք հստակ արձանագրել, որ այս պահին Հայաստանում փողոցի գործոնն այլևս չկա ու չի աշխատելու, որովհետև ծավալը չի բավարարում այս կամ այն քայլը փողոցով իրականություն դարձնելու համար։ Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը շատ քիչ աջակիցներ ուներ, նա դեռ ունի շատ-շատ աջակիցներ, բայց նրանք չէին հավաքվել Հովհաննավանքում, ինչը նշանակում է, որ փողոցի գործոնը մեզանում չի գործում։ Վարչապետի այցը Հովհաննավանք, ընդդիմության հավաքները դա ցույց տվեցին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am