Արցախում մեկուսացած քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

Ըստ աղբյուրի, երեկվա դրությամբ մեկուսացված երկու քաղաքացիների և այսօր օրվա ընթացքում ևս 1 քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը եղել է բացասական:

Ընդհանուր առմամբ, այսօր ստացվել է 3 քաղաքացիների հետազոտության արդյունքները՝ բացասական արդյունքով:

«Ներկայումս ունենք մեկ քաղաքացի, ով օրեր առաջ գտնվել է վարակի օջախ հանդիսացող բնակավայրում (ՀՀ), նրա դեպքում առայժմ թեստավորում չի իրականացվի, քանի որ վարակին բնորոշ ախտանիշներ առկա չեն:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով», նշվում է Արցախի ԱՆ հաղորդագրության մեջ: