ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածով բժշկական հսկողության տակ է գտնվում ավելի քան 205 000 մարդ

Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով ներկայում բժշկական հսկողության տակ է գտնվում 205 հազար 612 մարդ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ընդհանուր առմամբ՝ վերջին ամիսներին կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ եղել է մոտ 390 հազար մարդ:

Այս ընթացքում կատարվել է 639 հազար թեստավորում:

Ռուսաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 4 հազարից ավելին է: Մահացել է 34 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։