Աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչը Երևանում էր բարեգործական նպատակով

Աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչը Երևանում էր բարեգործական նպատակով
Աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչը Երևանում էր բարեգործական նպատակով

Հունվարի 11-ին «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի հրավերով Հայաստան էր ժամանել աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչը: Նա մասնակցիել է բարեգործական միջոցառմանը, որի նպատակն էր աջակցել ԱՅԲ դպրոցի կրթաթոշակային ֆոնդին: Էմիր Կուստուրիցայի ֆիլմերի երաժշտության հեղինակ Գորան Բրեգովիչը Հայաստանում էր երկրորդ անգամ: Նրա այցը կազմակերպել էր գործարար Լևոն Աբահամյանը: Գորան Բրեգովիչը ոչ միայն մասնակցել է բարեգործական համերգին, այլև այդ նպատակով սեփական միջոցներից տրամադրել  3000 ԱՄՆ դոլար:

Գորան Բրեգովիչն իրեն պարզապես ժամանակակից կոմպոզիտոր է համարում, որի ստեղծագործությունները, սակայն յուրօրինակ են և անդիմադրելի:
Գորան Բրեգովիչի «Հարսանիքի և թաղման նվագախմբի» ստեղծած երաժշտությունը գնչուականի, ավանդական բուլղարականի ու ժամանակակիցի խառնուրդ է, որը միանգամից գերում է ունկնդրին և ստիպում վայելել յուրաքանչյուր ակորդը:
Իր առաջին խումբը երաժիշտը հիմնադրել է 16 տարեկանում: Խումբը մեծ հաջողություն է ունենում: 1980-ականների վերջին Գորան Բրեգովիչը գրում է «Գնչուների ժամանակը» ֆիլմի երաժշտությունը: Հենց այդ ստեղծագործությամբ էլ բացվում է Կաննի կինոփառատոնը:  Հարավսլավիայում սկսած պատերազմը նրան ստիպում է տեղափոխվել Փարիզ, որտեղից էլ և սկիզբ է առնում նրա երաժշտության եվրոպական հաղթարշավը:
Ֆիլմերի և թատրոնի համար երաժշտություն գրելուն զուգահեռ 1990-ականներից ի վեր Գորան Բրեգովիչն սկսում է նաև իր համերգային գործունեությունը: Գորան Բրեգովիչն արդեն տասը տարուց ավելի է, ինչ ֆիլմերի համար երաժշտություն չի գրում: «Կոմպոզիտորի համար ֆիլմի երաժշտություն գրելը հազվադեպ է նպատակ հանդիսանում: Ես բախտավորություն ունեցա մի քանի լուրջ ֆիլմերում ներկայանալ, բայց կյանքն այնքան էլ երկար չէ, որ մարդն այն նվիրի միայն այդ գործին: Երբ երիտասարդ ես, քեզ թվում է` հազարավոր փորձեր պետք է անես, հիմա արդեն մի բանի մասին եմ մտածում, որ ժամանակս չվատնեմ», ասում է երաժիշտը:
Այժմ երաժիշտն աշխատում է իր նոր «Շամպայն գնչուների համար» ալբոմի վրա:

© Medialab.am