«Երկու օր առաջ հրապարակումներ էի կարդում, որ չարեցին, չուզեցին, մոռացան, խաբեցին, բայց ամեն ինչ իր հունով, երբեմն՝ դանդաղ, բայց իր հունով». Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր Ազգային ժողովն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենք։ Ձեռնպահ և դեմ մնաց միայն Լուսավոր Հայաստանը: Դեռ երկու օր առաջ հրապարակումներ էի կարդում, որ չարեցին, չուզեցին, մոռացան, խաբեցին, բայց ամեն ինչ իր հունով, երբեմն՝ զարտուղի կամ դանդաղ, բայց իր հունով:

Օրենքը կոչված է պետությանը՝ այսինքն հանրությանը, վերադարձնելու պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից հանցավոր ճանապարհով կուտակած հարստությունը։ Այսպիսով մեր քաղաքական հանձնառությունը, իհարկե, այս պահին դեռ միայն օրենսդրական մակարդակում, իրականցված է: Հաջորդիվ անելիքները ՀՀ դատախազության տիրույթում է և, իհարկե, դա էլ իր հերթին հանրային և խորհրդարանական վերահսկողության ներքո պետք է պահենք։

Դատախազությունն այս գործերով տարեկան հաշվետվություն է ներկայացնելու: Առաջիկա տարիներին անցյալը խմբագրելու այս ցավոտ գործընթացը մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարումների մեջ։ Պարզ է, որ մի կողմից ապօրինի հարստացածները իրենց կյանքը, անունը, կարիերան են դրել դրա մեջ և հեշտությամբ չեն վերադարձնելու հանրային ունեցվածքը, խուսափելու են պատասխանատվությունից հնարավոր բոլոր ձևերով, մյուս կողմից էլ, սակայն, առանց արդարության վերականգնման չի մարելու հանրության դժգոհությունը, եթե պետության կորցրած մասշտաբային հարստությունը չվերադարձվի։

Հետևաբար հաշտեցման և արդարության վերականգնման ամենից ընդունելի եղանակն է դառնում այս օրենքի առաջարկած մեխանիզմը՝ քաղաքացիական վարույթի միջոցով ապօրինի գույքի վերադարձը, որը, սակայն, չի հանգեցնում ազատազրկման կամ այլ պատժաձևի։ Այս ճանապարհին բոլորս պետք է զինվենք համբերությամբ, ինչպես նաև հետամուտ լինենք, որ իրավապահ մարմինները, որոնք հիմնական դերակատարներն են այսուհետ, պատշաճ կատարեն իրենց աշխատանքը։

Եթե կա կասկած, որ ունեցվածքն ապօրինի է, ապա ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա և գույքը բռնագանձվում է, եթե պատասխանողը չի կարողանում ապացուցել դրանց ստացման օրինական աղբյուրը։

Ունեցվածքի ուսումնասիրության ժամանակահատվածը ներառում է վերջին 10 տարին, իսկ բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են փաստական ապացույցները, մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 21-ը: Ապօրինի գույքը ենթակա է բռնագանձման, եթե անձի օրինական եկամուտների և իր տիրապետած գույքի շուկայական արժեքի տարբերությունը 50 մլն և ավելի ՀՀ դրամ է»