Խզմալյանի կինը ինքնաբացարկ է ներկայացրել

Խզմալյանի կինը ինքնաբացարկ է ներկայացրել
Խզմալյանի կինը ինքնաբացարկ է ներկայացրել

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կինը ինքնաբացարկ է ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է կինոռեժիսորի կինը: Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում աղմուկ բարձրացավ, որ «Սարդարապատ» ընդդիմադիր նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանի կինը՝ Նարինե Միրզոյանը, իշխանական կուսակցության՝ ՀՀԿ համամասնական ցուցակում է հայտնվել, որը առաջացրեց դժգոհություն ֆեյսբուք սոցիալական կայքում: Մարդիկ սկսեցին քննարկել Խզմալյանի քաղաքացիական ակտիվությունն ու քաղաքական հայացքների փոփոխությունը, որը Խզմալյանը «չարախոսություն» որակեց:

«Վերջին օրերին իմ անվան շուրջ ստեղծված իրավիճակը ստիպում է ինձ բացատրություններով հանդես գալ հասարակության առջեւ: Ես բժշկական գիտությունների դոկտոր եմ, Երեւանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ ` այն ուսումնական հաստատության, ուր սովորել եմ ու աշխատել երկար տարիներ և որի ստեղծման ու զարգացման հետ կապված եմ ընտանիքիս երեք սերունդներով: ԵՊԲՀ-ը միշտ և հատկապես այժմ եղել ու մնում է ինձ համար հարազատ ու մտերիմ: Ասում եմ այս ամենը, որովհետեւ ամենից շատ ցանկանում եմ իմ կատարած սխալի պատճառով առաջացած խնդիրներից զերծ պահել իմ հարազատ համալսարանը և նրա ղեկավարությանը: Սխալս կայանում է նրանում, որ չլինելով որեւէ քաղաքական կուսակցության անդամ եւ լավ չպատկերացնելով ընթացիկ նախընտրական գործողությունների տրամաբանությունը, ես ընդգրկվեցի Հանրապետական կուսակցության ընտրացուցակի մեջ: Ընդգծում եմ, որ արել եմ դա սեփական թյուրըմբռնման պատճառով, որի համար ողջ պատասխանատվությունը` ինչպես բարոյական, այնպես և վարչական` կրում եմ ինքս: Ցանկացած աշխատող հայ կնոջ պես, կյանքիս երկու գլխավոր կենտրոններն եմ համարում ընտանիքս ու աշխատանքս, իմ դեպքում` գիտությունն ու մանկավարժությունը: Պետք է խոստովանեմ, որ քաղաքականությունը իմ հետաքրքրությունների մեջ երբեք չէր մտնում ու ես հենց այս պատճառով անհրաժեշտ եմ համարում դիմել խնդրանքով` ընդունել ՀՀԿ ընտրացուցակից իմ ինքնաբացարկը»,- ասվում է նրա կնոջ հայտարարության մեջ:

© Medialab.am