Ներել զբոսաշրջային ընկերությունների հարկերը և պարտադիր վճարները, որոնք առաջացել են մարտի 1-ից ապրիլի 30-ն ընկած հատվածում. Նամակ կառավարությանը

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ ապրիլի 20-ին կրկին անգամ դիմել է ՀՀ կառավարություն զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների և հատկապես հյուրանոցային տնտեսությունների առջև ծառացած խնդիրների և դրանց հնարավոր լուծումների առնչությամբ.

Ս․թ․ մարտի 16-ին ՀՀ Կառավարությանն էինք ուղղել  բաց նամակ, որում հորդորել էինք շտապ արձագանքել զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների և հատկապես հյուրանոցային տնտեսությունների առջև ծառացած խնդիրներին և ձեռնարկել անահապաղ քայլեր՝ խուսափելու ճգնաժամում գտնվող ոլորտը էլ ավելի ծանր վիճակի մեջ գցելուց։

Մեր առաջարկներից ամենակարևորը և մեր կարծիքով ամենաարդյունավետը կլիներ հյուրանոցային ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները հետաձգելը։ Քայլ, որը բազում պետությունների կառավարություններ այդ պահի դրությամբ արդեն իրականացրել էին և որը տվել էր սպասված արդյունք։

Մարտի 16-ից հետո անցել է հարկերի վճարման արդեն երկու վերջնաժամկետ (մարտի 20 և ապրիլի 20)՝ զբոսաշրջային ընկերություններին գցելով էլ ավելի ծանր իրավիճակի մեջ քան նախկինում, և այս ժամանակահատվածում, ցավոք սրտի, մենք ոչ միայն չունեցանք տվյալ խնդրի հանգուցալուծում, այլ անգամ չստացանք պաշտոնական մերժում ՀՀ Կառավարությունից՝ բացատրությամբ, թե ինչու այդ քայլը մերժվեց, և չառաջարկվեց խնդրի այլընտրանքային լուծում։

ՀՀ Կառավարությունը իր կողմից տրամադրվող օգնությունը ձևակերպում է որպես նպատակային օգնություն տվյալ ոլորտին, բայց փաստորեն այդ օգնությունը ծառայում է պետության առջև հարկային պարտավորությունների մարմանը։ Այսինքն՝ նպատակը ոչ թե ոլորտին օգնությունն է, այլ պետական բյուջեի մուտքերի ապահովումը, ինչը իջեցնում է տվյալ միջոցառումների արդյունավետությունը, եթե ոչ ընդհանրապես դրանք զրոյացնում։

Մեր կարծիքով աշխարհի պատմության մեջ զբոսաշրջության համար ամենաավերիչ ճգնաժամի ընթացքում պետության օգնությունը պետք է ուղղվի զբոսաշրջային ընկերությունների, այդ թվում՝ հյուրանոցների աշխատակիցների աշխատավարձի, վարկային պարտավորությունների պարտադիր տոկոսավճարների, կոմունալ ծառայությունների և ընկերությունների համար այլ կենսական վճարների իրականացմանը։

Որոշ ընկերություններ հարկային պարտավությունները վճարելը համարելով իրենց համար ավելի առաջնահերթ՝ այս ընթացքում ստիպված են եղել կրճատել իրենց աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը, լինի դա աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ուղարկելով, արտագնա աշխատակիցներին հետ աշխատանքի չհրավիրելով, կրճատելով այն հաստիքներն, որոնք այս պահին անհրաժեշտ չեն ընկերության առօրյա գործուեության, բառի բուն իմաստով դատարկ հյուրանոցները սպասարկելու համար, կամ ընդհանրապես ընկերության գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելով՝ դարձնելով բոլոր աշխատակիցներին գործազուրկ։

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան հորդորում է ՀՀ Կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին․

– ներել զբոսաշրջային ընկերությունների բոլոր հարկային պարտավորությունները և պարտադիր վճարները, որոնք առաջացել են 2020թ․ մարտի 1-ից մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում,

– 2020թ․ մարտ և ապրիլ ամսիների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար։

– 2021թ․ մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և դրանով ապահովելով այսքան տարվա տքնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծված զբոսաշրջության ոլորտի վերականգնումը, և խրախուսելով ոլորտում նոր ներդրումներ և հաջորդող տարիներին երկնիշ աճին վերադարձ: