Հայ- թուրքական կինոպլատֆորմում հաղթանակի արժանացավ հայոց ցեղասպանության մասին ֆիլմը

Ստամբուլում ապրիլի 12-14-ն անցկաված Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմում հաղթող է ճանաչվել Դեվրիմ Աքքայայի «Գյավուրի թոռը. հայ պապս» ֆիլմը:

Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Աքքայայի ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից մինչ մեր օրերը ձգվող մի ընտանիքի պատմության մասին: Որպես ֆիլմի ստեղծման շարժառիթ` ռեժիսորը նշել է, որ իրենց ընտանիքն իր հայկական ծագման պատճառով մշտապես օտարված է զգացել թուրք հասարակությունից և իրեն թույլ զգացել:

«Պապս 1915-ին մի քուրդ և ալեվի ընտանիքի կողմից որդեգրվել է: Իմ և պապիկիս կապը կայանում է նրանում, որ երկուսս էլ մեզ միայնակ ենք զգում, կարծես ոչ մի կողմին չպատկանենք: 1915 թվականի տրավման ապրում ենք մինչ օրս»,- ասել է Աքքայան:

Ֆիլմի ռեժիսորը հավելել է, որ դեռ հույս ունի գտնել պապիկի կորած գերեզմանը:

«Ենթադրում ենք, որ որբերի գերեզմանում թաղված կլինի: Նախագծիս նպատակներից մեկն էլ նրան գտնելը և իր ապրած վայրում թաղելն է»,- ասել է ֆիլմի ռեժիսորը:

Հայաստան- Թուրքիա կինոպլատֆորմը կայացավ Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Այս պլատֆորմը «Ոսկե Ծիրան» երեվանյան միջազգային կինոփառատոնի եվ Անադոլու Քյուլթուր կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է խթանել միջմշակությաին երկխոսությունը Հայաստանի եվ Թուրքիայի կինորավեստի միջեվ:

© Medialab.am