Հայաստանում այսօր Քաղաքացու օրն է

Հայաստանում ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են Քաղաքացու օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս տարի կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, քաղաքացու օրը զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպվել:

Կառավարության կողմից ներկայացված «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը շրջանառության առաջին իսկ օրից բուռն քննարկումների առիթ էր դարձել: Թե՛ քաղաքական տարբեր ուժերի, թե՛ քաղաքացիների կողմից հնչել էին կողմ և դեմ կարծիքներ:

Խորհրդարանում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով նախաձեռության նպատակը, նշել էր, որ 2018-ի ապրիլին հարյուր հազարավոր քաղաքացիներ միախմբված, առանց նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու կարողացան իրականացնել հեղափոխություն՝ թավշյա, առանց բռնության:

Եվ գործադիր իշխանությունը գտնում է, որ այդ երևույթը անհրաժեշտ է ամրագրել որպես տոն նաև այն նպատակով, որ այսուհետև Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորի դրա տերը՝ քաղաքացին, և պետք է նշել Քաղաքացու տոն: Արդյունքում երկարատև քննարկումներից հետո նախագիծն օրենսդիրն ամբողջությամբ ընդունեց 2019թ. ապրիլի 9-ի նիստում:

2019թ. ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար հատկացվել էր 124 մլն դրամ։ Իրականացվել էին հանրային քննարկումներ, ծառատունկ, մշակութային և սպորտային միջոցառումներ։