Կասկած կա, որ ԱԺ աշխատակիցների մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է

Կա կասած, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է, հետևաբար ձեռնարկվում են որոշակի միջոցներ, պատգամավորներին նիստերի դահլիճ մտնելիս տալիս են պատպանիչ դիմակներ և ձեռնոցներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

Մարուքյանը հետաքրքրվեց, թե որն է խստացումների պատճառը, որ մուտքի մոտ պետք է դիմակ և ձեռնոց ստանալ: «Եթե հիվանդ մարդ կա, ասենք թող չգան, իմանանք ինչ ենք անում, կամ բոլորս գնանք թեստ հանձնենք»,-ասաց պատգամավորը:

Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ ձեռնոցները և դիմակները հավանականության որոշակի տոկոսով կարող են կանխել վարակի տարածումը: «Հիմա ոչ մեկին ոչինչ չի պարտադրվում, դահլիճի մուտքի մոտ առաջարկվում է կրել դիմակ և ձեռնոց, որը կարող եք կրել, կարող եք՝ ոչ:  Այո, կա կասկած, գուցե հիմնավոր կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է, և քանի դեռ հանգամանքները լրիվ չեն պարզվել, բոլորս մի քիչ ավելի խստացված կերպով ենք ձեռնարկում կանխարգելիչ աշխատանքները»,-ասաց նա:

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ վաղուց արդեն հայտնել է, որ բոլոր այն պատգամավորները, որոնք մտահոգություն կունենան իրենց և իրենց հարազատների առողջության համար և կնախընտրեն չմասնակցել նիստերին, նրանց  բացակայությունը կհամարվի հարգելի: Նա նշեց՝ ԱԺ աշխատանքները որևէ կերպ արտակարգ դրությամբ չեն խոչընդոտվում: