Կառավարությունն աղետի գոտում 229 ընտանիքի համար կկառուցի բնակելի տներ

Կառավարությունը 3 մլրդ դրամ հատկացրեց աղետի գոտում՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում 229 ընտանիքի համար բնակելի տներ կառուցելու նպատակով:

«Արմենպրես»ի փոխանցմամբ, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը նշեց, որ դեռևս 2018 թվականի բյուջեով հատկացված 460 մլն դրամի հաշվին լուծվել են Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքների բնակարանային խնդիրները՝ բնակարանների կառուցման տարբերակով:

«Հատկացված միջոցներից կային նաև տնտեսումներ, և լրացուցիչ 7 ընտանիքի բնակարանային խնդիր լուծման ընթացքում է: 2019-ի բյուջեից հատկացված 560 մլն դրամի հաշվին նույնպես այդ մեխանիզմով 61 ընտանիքի բնակարանային խնդիր լուծվել և լուծման ընթացքում է: 2019-ի ավարտի տվյալներով դեռևս լուծման կարիք ունի 460 ընտանիքի բնակարանային խնդիր։ Կառավարության հանձնարարականով իրականացրեցինք հարցումներ և պարզվեց, որ 227 ընտանիք նախընտրում են ԲԳՎ (բնակարանի գնման վկայական) տարբերակը, և պահուստային ֆոնդից այդ նպատակով հատկացվեց 1,29 մլրդ դրամ ու այդ աշխատանքները մեկնարկեցին, այս տարի կավարտվեն: Այս նախագծով կարգավորվում է մնացած 229 ընտանիքի բնակարանային խնդիրը, որոնցից 13-ը նույնպես նախընտրում են ԲԳՎ: Մնացած 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ»,- ասաց Ղուլարյանը:

Նախագծով նախատեսված շուրջ 3 մլրդ դրամը կբաշխվի հետևյալ կերպ.

1.868 մլրդ դրամը կհատկացվի Լոռու մարզի 162 ընտանիքի համար, որից 153-ը բնակելի տան շինարարություն, իսկ 9-ը՝ ԲԳՎ: 988 մլն դրամը կհատկացվի Շիրակի մարզի 59 ընտանիքի համար, որից 55-ը բնակելի տուն կառուցելու եւ 4­ը՝ ԲԳՎ: 144,3 մլն դրամը կհատկացվի Արագածոտնի մարզի 8 ընտանիքների համար բնակելի տուն կառուցելու:

Ղուլարյանի խոսքով՝ ԲԳՎ-ով բնակարան ձեռք բերելու վերջնաժամկետ է սահմանվել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ը, իսկ բնակելի տների շինարարության մասով՝ մինչեւ 2021 թվականի ավարտը։