«Զանգեզուրի միջանցքից» հետո Թուրքիան նոր պահանջներ կդնի Հայաստանի առաջ՝ կապված Ցեղասպանության հետ. Ռուբեն Սաֆրաստյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, հայկական կողմը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետը պատրաստ է, և Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի կյանքի կոչել Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Թուրքիայում շարունակում են լռություն պահել, ձեր գնահատմամբ՝ Թուրքիան կհամաձայնի՞ այդ պայմանավորվածությունը կյանքի կոչել։

– Այն, ինչ պետք է, Թուրքիան արդեն ասել է ու շարունակում է հիմնվել դրա վրա, իսկ ասել է հետևյալն ամենաբարձր մակարդակով՝ Հայաստանի հետ հարաբերություններում որևէ առաջընթաց չի լինի, եթե Ադրբեջանի պայմանների հիման վրա չստորագրվի պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ 

Երկրորդը՝ Թուրքիան հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է անպայման բացվի։ Այնպես որ, Թուրքիան իր դիրքորոշումը պարզորոշ հայտնել է, այստեղ մեկնաբանելու բան չկա, քանի որ այդ պահանջներն իրականություն չեն դարձել, Թուրքիան էլ ոչ մի քայլ չի ձեռնարկի։

– Այսինքն՝ ձեր ասած մանր քայլերը, որոնք ժամանակին արվեցին Թուրքիայի կողմից, բնավ էլ նպատակ չունեի՞ն հարաբերությունների իրական կարգավորման Հայաստանի հետ։

– Դրանք նպատակ ունեին ոչ թե վերջնական կարգավորման, այլ, առաջինը՝ ցույց տալ աշխարհին, որ իրենք պատրաստ են Հայաստանի հետ բանակցությունների, ցույց տալ, որ իրենք ինչ-որ բաներ են նախապատրաստել, որովհետև այստեղ կա մի պարզ ճշմարտություն. մենք ասում ենք՝ Թուրքիան կբացի՞, թե՞ չի բացի սահմանը, բայց եկեք մեզ Թուրքիայի տեղը դնենք. ինչո՞ւ նա պետք է սահմանը բացի, եթե չի ստանում այն, ինչ ուզում է։

– Ստանալուց հետո կբացի՞։

– Ստանալուց հետո այն երկու առաջարկությունը, որ արել էր ու մինչև հիմա չի արել, դրանք կանի, հետո արդեն նոր պահանջներ կդնի Հայաստանի առաջ, մասնավորապես՝ կապված մեր պատմական հիշողության վրա ազդելու հետ։ Այն ամենը, ինչ ինքն ուզենա ստանալ Հայաստանից, այդ ժամանակ էլ կբացի սահմանը։ 

– Պարո՛ն Սաֆրաստյան, ինչո՞ւ էր Էրդողանը Ալիևի շնորհավորական ուղերձում անդրադարձել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, արդյոք Թուրքիան Ալիևի վերընտրվելուց հետո կարագացնի՞ այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը։

– Թուրքիան չի կարող արագացնել, Ադրբեջանն ու Հայաստանը բանակցում են, ու տեսնում ենք, որ դրանք, ըստ էության, հիմա կանգնած են, դա Թուրքիան թողել է Ադրբեջանին, շատ պարզ հայտարարելով, որ կանգնած է Ադրբեջանի թիկունքին, ինչ Ադրբեջանը ցանկանում է, նույնը ցանկանում է Թուրքիան։ Ընդ որում, երբ ասում ենք՝ թիկունքին կանգնած է, պետք է հասկանանք, որ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին և՛ դիվանագիտական առումով է, և՛ ռազմական։ 

Ըստ էության, թուրք գեներալը մշտապես գտնվում է Ադրբեջանում, դեռ պատերազմի ժամանակվանից, ու ինքը ղեկավարում է Թուրքիայում գտնվող ադրբեջանական բանակի այն ներկայացուցիչներին, որ այնտեղ կան: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ նա նաև որոշիչ դեր ունի Ադրբեջանի բանակի ներկայիս սպառազինման գործընթացում, որովհետև տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, այդ թվում նաև՝ զենք է ստանում Թուրքիայից՝ ավելի կործանարար զենքեր, քան առաջ:  

– Ադրբեջանի նախագահի խորհրդականը հայտարարել է, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի ՀՀ-ից, թե Ալիևի խոսքը սխալ են հասկացել, թե Ադրբեջանի համար ռազմական գործողությունների գնալու ցանկությունը փակված է, դրա անհրաժեշտությունը չկա։ Ձեր կարծիքով՝ սա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ լոկ հայտարարություն է։

– Ադրբեջանն ուժեղացնում է իր բանակը, մենք դա կարող ենք փաստել, բազմաթիվ զորավարժություններ են անցկացվում, սա գործընթաց է, որն Ադրբեջանում շարունակվում է։ Երբ ժամանակ առ ժամանակ հայտարարում են, թե տարածքային պահանջ չունեն Հայաստանից, բայց մենք ունենք մեր ձեռքի տակ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնք հակառակն են վկայում։ Իսկ ինչո՞ւ են այս ժամանակ նման հայտարարություններ հնչեցնում, որովհետև Ադրբեջանը զգում է, որ իր վրա կա ճնշում, դրա համար էլ փորձում է մանևրել ու նման հայտարարություններ է անում, բայց ռեալ փաստն այն է, որ Ադրբեջանը շարունակում է իր բանակը հզորացնել։

– Ադրբեջանը հստակ հայտարարել է, թե խնդիր է տեսնում ՀՀ Սահմանադրության որոշ կետերի և ոչ միայն այդ փաստաթղթի մեջ, եթե հայկական կողմն այդ պահանջները կատարեն, Ադրբեջանն ուրիշ պահանջներ չի՞ ներկայացնի Հայաստանին։

– Չեմ կարող ասել, թե նրանք ինչքան հեռու կգնան, բայց այն, ինչ հիմա տեսնում ենք, փաստում է, որ Ադրբեջանը գնալով իր պահանջները Հայաստանի նկատմամբ ավելի է ընդլայնում, ծանր պահանջներ է ներկայացնում, ճնշումն ավելի է ուժեղացնում։ 

– Այս փաստաթղթերի նկատմամբ հնչեցված պահանջները բխում են ձեր ասած՝ մեր պատմական հիշողության վրա ազդելու համատեքստի՞ց, պարո՛ն Սաֆրաստյան։

– Թուրքիայի համար դա Ցեղասպանության խնդիրն է, որը, համոզված եմ՝ որոշակի փուլում մեր առջև կդրվի։ Իսկ Ադրբեջանի պահանջները կապված են ոչ միայն պատմական հիշողության հետ, որ փորձում են յուրացնել հազարամյակների մեր ժառանգությունը, այլև ռեալ գործողություններ է անում՝ Արցախը հայաթափեց, ՀՀ-ից տարածքներ է գրավել, նոր պահանջներ է ներկայացնում։ 

Աշխատանքի բաժանում է տեղի ունենում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, մենք ենթարկվում ենք այդ երկու կողմի ճնշումներին, բայց ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդն այս ճնշումներին չի ենթարկվի, ես միշտ լավատես եմ։

Քրիստինե Աղաբեկյան