«Ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը ոչ ինչ-որ ձեռքբերում է, ոչ էլ մեծ առաջընթաց, այլ՝ թուրքական մարտավարություն». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, արդյոք սա կարելի՞ է ձեռքբերում կամ էական առաջընթաց համարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

– Կարծում եմ, որ դա ոչ ինչ-որ ձեռքբերում է, ոչ էլ մեծ առաջընթաց, սա մի բան է, որի մասին դեռևս կես տարի առաջ էին պայմանավորվել, կես տարի է՝ Թուրքիան ձգձգում էր, հիմա նոր դրա մասին հայտարարում են։ Ակնհայտ է, որ սա իր էությամբ տնտեսական մեծ նշանակություն չունի, բայց սա մաս է կազմում Թուրքիայի կողմից ընտրված բանակցային մարտավարությանը․ այսպիսի փոքր քայլերով Թուրքիան Հայաստանին պահում է բանակցային գործընթացում, նպատակը սա է։

Այս որոշումը կարող է ինչ-որ դրական ազդեցություն ունենալ, բայց շատ փոքր է լինելու այդ ազդեցությունը, որովհետև օդային ճանապարհով այդքան մեծ ապրանքափոխադրումներ հնարավոր չէ իրականացնել։

– Իսկ ինչու՞ կես տարի ձգձգելուց հետո Թուրքիան հիմա որոշեց այս որոշումը կայացնել։

– Այս կերպ ժամանակ են ձգում, իրենց համար կարևոր է, որ Հայաստանին պահեն բանակցային գործընթացի մեջ, որ Հայաստանը չհիասթափվի ու դուրս չգա այդ գործընթացից, իսկ պահելու համար անհրաժեշտ է այսպիսի փոքր քայլեր կատարել։

Հիմա սա եղավ, մի կես տարի հետո էլ, հավանաբար, կլինի երրորդ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի վերացումը, ինչի մասին որոշումն արդեն իսկ ընդունվել է, բայց դեռ չի իրականացվում։ Այնպես որ, այս ամենի նպատակը Հայաստանին բանակցային գործընթացում պահելն է ու այդ գործընթացը Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով օգտագործելը։

– Լաչինի միջանցքն արդեն 26 օր է՝ շարունակում է փակ մնալ, ու Թուրքիան էլ իր ակնհայտ աջակցությունն է արտահայտում Ադրբեջանի այս գործողությանը: Ըստ ձեզ՝ դեռ երկա՞ր է փակ մնալու միջանցքը, ու ինչի՞ դիմաց են պատրաստ բացել ճանապարհն ադրբեջանցիները։

– Լաչինի միջանցքը փակվեց Թուրքիայի հետ համաձայնեցված, գուցե նաև՝ հենց Թուրքիայի նախաձեռնությամբ, ու սա երկու երկրի համատեղ գործողություն է, այս ամենում ինձ համար որևէ հարցական բան չկա։ Առաջին ամենակարևոր նպատակը ճնշում գործադրելն է արցախահայության վրա ու հասնել նրան, որ Արցախն իր պայքարելու կամքը թուլացնի։

Երկրորդ նպատակը, որի մասին արդեն պաշտոնապես հայտարարություններ մենք լսում ենք, Հայաստանի վրա ճնշում գործադրելն է, ինչի միջոցով հնարավորություն կունենան կորզել «Զանգեզուրի միջանցքը»։

Կա նաև աշխարհաքաղաքական խնդիր, որը փորձում են այստեղ լուծել Թուրքիան ու Ադրբեջանը, առաջին հերթին՝ Թուրքիան․ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացնելն է, Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը հեղինակազրկել, ինչը նպաստելու է Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը։

Այս երեք հիմնական նպատակն է, որ փորձում է լուծել թուրք-ադրբեջանական տանդեմը։ Այստեղ շատ բան կախված է Արցախից, այնտեղի մեր հայրենակիցներից, որոնք, ես համոզված եմ, այն վճռականությունը, որը մինչև հիմա ցույց են տվել, կշարունակեն ու իրենց ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար կանեն ամեն ինչ ու չեն տրվի այս անմարդկային, ցեղասպանական միտում արտահայտող գործողություններին։

– Այսինքն՝ ձեր նշած այս նպատակներից ոչ մեկին դեռ թուրք-ադրբեջանական տանդեմը չի հասել, ու այդ պատճառով էլ միջանցքը դեռ փա՞կ է։

– Այո՛։ Ես կարծում եմ ու հույս ունեմ, որ միջազգային ճնշումը, որը կարծես թե գնալով ուժեղանում է, վերջիվերջո կհանգեցնի նրան, որ միջազգային կազմակերպություններն ավելի գործուն միջամտություն կունենան, ու Ադրբեջանի վրա կիրառվող ճնշումն ավելի իրական կդառնա, ու նա ստիպված կլինի բացել միջանցքը։

– Պարո՛ն Սաֆրաստյան, ձեր մեկնաբանությունն եմ խնդրում նաև թուրք-իրանական հարաբերությունների մասով, որովհետև Թուրքիայից բացահայտ հայտարարեցին, որ Իրանի պրոհայկական դիրքորոշումն ու հայտարարություններն անհանգստացնում են ինչպես Բաքվին, այնպես էլ՝ Անկարային։

– Այո՛, Թուրքիային իսկապես անհանգստացնում է դա, ու այդ հայտարարությունները, որ հիմա սկսեցին Թուրքիայում պաշտոնական մակարդակով հնչել, մինչ այդ ոչ պաշտոնական հայտարարություններ էին հնչում, վկայում են այն մասին, որ Թուրքիան իսկապես անհանգիստ է այդ առումով, որովհետև Իրանը ցույց է տալիս, որ այն աշխարհաքաղաքական փոփոխությունները, որ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են իրականացնել մեր տարածաշրջանում, որոնց նպատակը պետք է լինի Թուրքիայի դիրքերի ուժեղացումն այստեղ, Իրանի շահերին դեմ են։

Հատկապես «Զանգեզուրի միջանցքի» մասով Իրանն ունի իր հստակ դիրքորոշումը, նա ոչ միայն հայտարարություններով է հանդես գալիս, այլ նաև մենք տեսանք զորավարժություններ, որոնք Իրանն անցկացրեց։

Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիայի ու Իրանի շահերը մեր տարածաշրջանում իրար հակասում են․ Իրանը չի ուզում, որ Թուրքիան տարածաշրջանում ուժեղանա, իսկ Թուրքիային էլ անհանգստացնում է, որ Իրանն է ակտիվանում մեր տարածաշրջանում։

Երկրորդ՝ պետք է փորձենք հասկանալ թուրք-իրանական հարաբերությունների, ընդհանրապես հարաբերությունների բուն էությունը, իսկ էությունն այն է, որ տարածաշրջանային առումով առաջատար այս երկրները, որոնք պայքարում են լայն տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում, առաջնային դեր ունենալու համար, այս հարյուր տարվա ընթացքում կարողացել են այնպիսի հնարավորություններ գտնել, որ հաջողվում է խուսափել ժամանակ առ ժամանակ հարաբերություններում նկատվող սրացումներից։

Երկու երկրի դիվանագիտություններն էլ տիրապետում են բալանսի արվեստին, բալանսավորում են այն վտանգները, որոնք կան։ Այս առումով, ես կարծում եմ, նաև այս դեպքում Թուրքիան ու Իրանը կկարողանան բալանսավորել հարաբերությունները, բանը չի հասնի ուղղակի բախումների։ Ճնշումներ կլինեն մեկը մյուսի վրա՝ հռետորաբանությամբ, զորավարժություններով, բայց կխուսափեն հարաբերությունների այնպիսի սրացման մակարդակից, որ կվտանգի մեկը մյուսի անվտանգությունը։

– Բայց Իրանը գոնե «Զանգեզուրի միջանցքի» մասով իր դիրքորոշմանը հավատարիմ կմնա՞։

– Իհարկե չի փոխի, և նա դա հստակ ասել է։ Բոլորն են հասկանում, որ դա Իրանի համար աշխարհաքաղաքական կարևորագույն նշանակություն ունի, որովհետև դա իր համար Հայաստանով, Վրաստանով, Սև ծովով Եվրոպայի հետ կապվելու երկընտրանքային հնարավորություն է: Իրանը հիմա մի կողմից զարգացնում է Կասպից ծովով Ռուսաստանի հետ այդ միջանցքը և ունի Թուրքիայի վրայով հնարավորություն, բայց հիմա իր համար ավելի կարևոր է ունենալ Եվրոպայի հետ կապվելու այսպես ասած ավելի անկախ հնարավորություն:

Այնպես որ, Իրանն ամեն ինչ կանի, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չիրականանա, ամեն ինչ ասելով՝ նկատի չունեմ ռազմական գործողություններ, դիվանագիտական, տնտեսական ոլորտներում կարվեն այդ քայլերը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am