Ադրբեջանը ժխտում է «Մոսսադ»-ի հետ ունեցած կապի վերաբերյալ մեղադրանքները

Ադրբեջանը ժխտում է «Մոսսադ»-ի հետ ունեցած կապի վերաբերյալ մեղադրանքները
Ադրբեջանը ժխտում է «Մոսսադ»-ի հետ ունեցած կապի վերաբերյալ մեղադրանքները

Այն փաստը, որ Իրանը մեղադրում է ադրբեջանական կողմին Իսրայելի հետախուզական ծառայության գործակալներին ցուցաբերած ենթադրյալ աջակցության մեջ, արտացոլում է երկու երկրների բարդ հարաբերությունները:

Մինչ Իրանում միջուկային ֆիզիկայի մասնագետների սպանություններ են տեղի ունենում, իսկ երկիրը մեղադրում են արտասահմանում իսրայելյան դիվանագետների դեմ հարձակումներ կազմակերպելու մեջ, Ադրբեջանը նույնպես ներքաշվում է սկանդալի մեջ. երկիրը մեղադրում են Իսրայելի գաղտնի հետախուզական «Մոսսադ» ծառայության գործակալներին աջակցություն տրամադրելու մեջ:

Հունվարի 11-ին իր մեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով Թեհրանում զոհվեց միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոստաֆա Ահմադի-Ռոշանը, որից հետո Իրանում Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա ներկայացվեց, որտեղ պահանջվում էր, որպեսզի ադրբեջանական կառավարությունը դադարեցնի աջակցել Իսրայելի գաղտնի ծառայությանը, որն օգտագործում է նրա տարածքը Իրանի դեմ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Էլման Աբդուլլաեւը հնչեցված մեղադրանքները աբսուրդ է որակել`հայտարարելով, որ հենց իրանական գաղտնի ծառայություններն են քողարկված գործում Ադրբեջանի տարածքում:

«Վերջերս մենք բողոք ներկայացրեցինք Ադրբեջանի տարածքում գործունեություն ծավալող իրանական գաղտնի ծառայությունների հետ կապ ունեցող անձանց վերաբերյալ: Սա ստվեր է նետում մեր երկրների հարաբերությունների վրա: Իրանը ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել, այլեւ աբսուրդ մեղադրանքներ է ներկայացրել մեր երկրի դեմ`առանց որեւէ հիմքեր ունենալու», – հայտարարել է նա:

Աբդուլլաեւն ակնարկում էր հունվարի 19-ին անվտանգության ծառայության պաշտոնյաների կողմից տարածված հայտարարությունը, որի համաձայն վերջիններս բացահայտել են Ադրբեջանում Իսրայելի դեսպանի, ռաբիի եւ այլ հրեա գործիչների սպանության ծրագիրը:

Ձերբակալություններից դեռ մեկ ամիս չանցած, հարեւան Վրաստանում իսրայելյան դիվանագետի համար նախատեսված մեքենայում ռումբ հայտնաբերվեց եւ վնասազերծվեց, որից հետո Իսրայելը մեղադրեց իրանական կողմին հարձակումը ծրագրելու մեջ:

Ադրբեջանը եւ Իրանը երբեք էլ լավ հարաբերություններ չեն ունեցել. այս ամենի պատճառը կարող է լինել Իրանի հարավային սահմանին ապրող ադրբեջանական մեծաքանակ բնակչությանը: Ադրբեջանի իշխանությունները կասկածում են Թեհրանին իսլամիստական տրամադրություններ հրահրելու մեջ. չնայած երկու երկրներում էլ գերակշռում են շիա մահմեդականները, զանազան այլ հարցերի շուրջ լարվածությունը չի թուլանում: (Տե´ս «Բաքվում սրվում են հակաիրանական տրամադրությունները» հոդվածը):

Թեհրանի`Ադրբեջանի եւ «Մոսսադ»-ի միջեւ հնարավոր կապի վերաբերյալ հայտարարությունը, ինչպես եւ սպասվում էր, բարկացրեց Բաքվին:

«Մի՞թե կարելի է հավատալ թերթերում գրված ամեն ինչին: Իրանը չափազանց թեթեւամտորեն է վերաբերվում արտաքին քաղաքականության հարցերին: Անգամ թույլ երկրներն է իրեն թշնամի պետություններ որակում, եթե վերջիններս լավ հարաբերություններ ունեն Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ», – ասում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն:

Նա վրդովմունքով է նշում Հայաստանի հետ Իրանի սերտ կապերի մասին, որոնք պատգամավորի խոսքերով, վերջինս փորձում է արդարացնել այն հանգամանքով, որ «Ադրբեջանը բարեկամական հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ»:

Ադրբեջանցի այլ քաղաքական գործիչները նույնպես բավական վճռական են տրամադրված Իրանի դեմ:

Փետրվարի 1-ին «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Գուդրաթ Հասանգուլիեւն առաջարկեց երկրի անվանումը պաշտոնապես փոխել եւ վերանվանել «Հյուսիսային Ադրբեջան»:

Այս առաջարկն արտացոլում է ադրբեջանական ազգայնականների այն տեսակետը, որ իրենց երկիրը պետք է միավորվի Իրանի հյուսիսարեւմտյան շրջանների հետ, եւ որ ներկայիս սահմանը, որը ժամանակին գոյություն ուներ Իրանի եւ Ռուսական կայսրության միջեւ, արհեստական բնույթ է կրում:

«Այսօր ադրբեջանական տարածքների 2/3-ը Իրանում է, եւ Ադրբեջանի միայն 1/3-ն է անկախ: Այդ պատճառով ես համոզված եմ, որ մենք պետք է վերանայենք… 19-րդ դարում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագրերը, որոնք ստորագրվել են առանց մեր ազգի մասնակցության», – հայտարարել է Հասանգուլիեւը:

Դժվար թե այս առաջարկը հեռանկարներ ունենա, սակայն փորձագետները նշում են, որ այս տրամադրություններն արտացոլում են երկու երկրների միջեւ եղած բարդ հարաբերությունները:

Ատլանտյան համագործակցության ադրբեջանական ընկերակցության նախագահ Սուլհադդին Աքպերը, որը նպատակ ունի ապահովել ՆԱՏՕ-ում եւ այլ արեւմտյան կառույցներում Ադրբեջանի ավելի մեծ ներգրավվածությունը, նշում է, որ Բաքուն եւ Թեհրանն այսօր տարածաշրջանում իրականացվող քաղաքականության հակառակ կողմերում են գտնվում:

«Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, մինչդեռ Իրանը`Սիրիայի: Թուրքիան բացեիբաց ճնշում է Սիրիայում գործող վարչակարգը, իսկ Ադրբեջանը`որպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ, նույնպես քվեարկել է Սիրայի գործող իշխանությունների դեմ առաջարկության օգտին», – ասում է նա:

Սեյմուր Քազիմով

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):