«Վանեցյանի միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է հաղթահարել Ռուսաստանի հետ ունեցած խնդիրները». Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է մեկնաբան Հակոբ Բադալյանը

Պարո՛ն Բադալյան, քարոզարշավի երրորդ օրն է ընթանում: Ի՞նչ տպավորություն ունեք, նման քարոզարշավ սպասելի՞ էր ձեզ համար:

– Մեծ հաշվով՝ ականատես ենք պատերազմից հետո ձևավորված քաղաքական իրողությունների շարունակությանը, և այս տեսանկյունից արդեն ամեն ինչ ծանոթ տրամաբանության և օրակարգի շրջանակում է:

Իհարկե, ավելի ցանկալի էր բովանդակային, ծրագրերի ներկայացման առումով հարուստ քարոզարշավի առկայությունը, բայց մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը:

Իսկ այդ տրամաբանությամբ քարոզարշավ իրականացնող քաղաքական ուժերից որոնք ունեն խորհրդարան անցնելու և իշխանության գալու շանսեր, թե՞ դեռ վաղ է նման կանխատեսման համար:

– Շանսերը գնահատելու համար ցանկալի է սպասել ու տեսնել, թե որ ուժն ինչպես կաշխատի այս ընթացքում ու ինչ արդյունք կստանա, որովհետև ներկայիս քաղաքական գործընթացները բավական արագ են զարգանում, և նաև բավական արագ փոփոխվող արտաքին միջավայրում ենք գտնվում, ու այս ամենը կարող է շատ կարճ ժամանակահատվածում որոշակի էական փոփոխությունների հիմք դառնալ:

Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ հանրային վստահության տեսանկյունից ամենամեծ ռեսուրսն ունի գործող իշխանությունը:

Մնացյալ ուժերի համատեքստում, բնականաբար, առաջնային պլանում նախկին համակարգը ներկայացնող ուժերն են՝ առավելապես երկու գործոնի բերումով:

Ակնհայտ է, որ նրանք տնօրինում են դեռ նախկինից եկող համակարգային ցանցեր, որոնք բավական ակտիվանում են եղած նյութական ռեսուրսների շնորհիվ, որ տնօրինում է նախկին համակարգը, և, իհարկե, բավական շոշափելի աջակցություն ռուսական շրջանակներից:

Սրա մասին է վկայում նաև այն, որ այդ համակարգը ներկայացնող երեք հիմնական ուժերը՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներն ու ԲՀԿ-ն, աչքի են ընկնում նաև Ռուսաստանին տրվող հավատարմության երդումներով, հավաստիացումներով, որ հենց իրենք են այստեղ Ռուսաստանի շահը լավագույնս ներկայացնող ուժը:

Այս ընտրարշավում Ռուսաստանն ունի Հայաստանում իր քաղաքական ազդեցությունն ամրացնելու խնդիր՝ հատկապես տարածաշրջանային նոր իրավիճակի ու աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին:

Ռուսաստանի համար նվազագույն ու որոշակի առումով առանցքային խնդիր է քաղաքական ընդդիմության դաշտում անվերապահ գերակայություն հաստատելը, իսկ այդ առումով նրա հենման կետը նախկին կառավարող համակարգն է:

Սրանով է պայմանավորված, որ այդ համակարգը ներկայացնող տարբեր թևեր փորձում են մրցակցել նաև Ռուսաստանին իրենց հավատարմությունը ներկայացնելու դաշտում:

Այդ մրցակցության համատեքստո՞ւմ դիտարկենք նախ՝ Ռոբերտ Քոչարյանի, ապա Արթուր Վանեցյանի՝ ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցները:

– Վանեցյանի այցն ու այդ հարցազրույցը ես դիտարկում եմ հենց այդ նախկին համակարգը ներկայացնող երեք առանցքային թևերի միջև մրցակցության տեսանկյունից:

Քանի որ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը ներսում մրցակցում են նույն զանգվածի համար՝ շատ թե քիչ տարբերություններով, այդ մրցակցությունը, բնական է, պետք է արտահայտվի նաև Ռուսաստանի դաշտում, որովհետև այդ դաշտում է դիտարկվում նաև իրենց ուժային աջակցության գլխավոր աղբյուրը:

Ընդհանրապես, Արթուր Վանեցյանի հանգամանքը Սերժ Սարգսյանի համար առավելապես ռուսական շրջանակների հետ կոմունիկացիա ապահովելու նշանակություն ունի, որովհետև Սերժ Սարգսյանը դեռևս իր նախագահության ընթացքից որոշակի անվստահության միջավայրում էր Ռուսաստանի հետ հարաբերություններում, ակնհայտ էր, որ Ռուսաստանում նա չուներ վստահություն, և Արթուր Վանեցյանի միջոցով փորձ կարվի հաղթահարելու այդ խնդիրները՝ առնվազն այս ընտրարշավի ժամանակ:

Սա բավական ամոթալի դրսևորում է, երբ Հայաստանի իշխանության համար պայքարող ուժերն աչքի են ընկնում երրորդ երկրին, այս դեպքում՝ Ռուսաստանին, անմնացորդ հավատարմության դրսևորումներով՝ կանգ չառնելով անգամ Հայաստանի Հանրապետության ազգային, պետական արժանապատվությունը ոտնահարելու սահմանների առաջ:

Իսկ այս երեք քաղաքական ուժերը Ռուսաստանին ավելի շատ հավատարմությա՞ն, թե՞ հպատակության խոստում են տալիս:

– Մեծ հաշվով՝ գործ ունենք նույն երևույթի հետ: Այսինքն՝ եթե որևէ ուժ Ռուսաստանին հավատացնում է, որ ինքը լավագույնս կսպասարկի ռուսական շահերը, նշանակում է, որ հայկական շահերը ստորադասվում են Ռուսաստանի շահերին, ու այստեղ քննարկել, թե ի՛նչ աստիճանով է դա տեղի ունենում, կարծում եմ՝ շատ հարաբերական է և նույնիսկ ոչ էական, որովհետև ամեն ինչ կախված կլինի, թե Ռուսաստանը ինչ աստիճանի պահանջատեր է լինելու Հայաստանից՝ մեր շահերը ստորադասելու իմաստով:

Ռուսաստանն այստեղ ունի լուրջ խնդիրներ, որը շատ հաճախ նենգափոխվում է՝ ռուսականության ու հակառուսականության դաշտ բերելով, իրականում, բացարձակապես այլ խնդրի մասին է խոսքը. Ռուսաստանը տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում ունի լրջագույն խնդիրներ՝ հասկանալի իրողությունների բերումով:

Այս պարագայում Հայաստանը պետք է լրջորեն մտածի մի կողմից Ռուսաստանի հետ աշխատանքային սերտ հարաբերությունը պահելու և խորացնելու ուղղությամբ, մյուս կողմից՝ այլընտրանքային հնարավորությունների մասին, որպեսզի Ռուսաստանի խնդիրները ինքնաբերաբար չդառնան մեր խնդիրները, և որ Ռուսաստանը չփորձի մեր միջոցով լուծել դրանք:

Խոսքը սրա մասին է, և, ցավոք սրտի, այս հարցերը խեղդվում են Ռուսաստանին հավատարմության այդ իռացիոնալ երդումներով:

Պարո՛ն Բադալյան, գործող իշխանությունը և՞ս այդ երեք քաղաքական ուժի շարքում է՝ Ռուսաստանին հավատարիմ լինելու առումով:

– Անշուշտ իհարկե: Տեսնում ենք, որ գործող իշխանությունը բացարձակապես ի վիճակի չէ հակադրվել ռուսական պահանջներին:

Բայց այստեղ կա խնդիր. ընդհանրապես Հայաստանի պարագայում իշխանությունը մշտապես անհրաժեշտաբար պետք է գործի Ռուսաստանի հետ սերտ աշխատանքի դաշտում և օբյեկտիվորեն շատ քիչ հնարավորություն ունի դեմ գնալու Ռուսաստանի մոտեցումներին:

Իշխանության ճկունությունը պետք է ապահովվի քաղաքական դաշտի բազմազանությամբ, որը տարեցտարի ավելի է աղավաղվում:

Նկատի ունենալով այս ամենը՝ Ռուսաստանի համար ո՞ր քաղաքական ուժն է՝ ի դեմս իր ղեկավարի, ցանկալի իշխանությունը Հայաստանում:

– Ակնհայտ է, որ Ռուսաստանը այդպիսին դիտարկում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը:

Բայց, մեծ հաշվով, կարծում եմ, Ռուսաստանի համար խնդիրն անձերը չեն, որովհետև նույն Ռոբերտ Քոչարյանը ևս խնդիրներ է ունեցել Ռուսաստանի հետ, երբ նախագահ էր, այդ խնդիրները հետո ունեցան Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, դրանք կային նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում, պարզապես աշխարհաքաղաքական փոփոխություններին զուգահեռ դրանք ավելի սուր են դարձել ու ճնշող:

Կարծում եմ՝ Ռուսաստանը անձերով չէ, որ առաջնորդվում է, այլ՝ մեխանիզմներով, որն իրեն թույլ կտա ապահովել գերակայություն: Տվյալ պահին իրենք այդ մեխանիզմի շրջանակներում դիտարկում են Ռոբերտ Քոչարյանին, խաղադրույքը կկատարվի նրա վրա:

Քրիստինե Աղաբեկյան

 MediaLab.am