ՌԴ քաղաքացին կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, մաքսանենգ եղանակով ԵԱՏՄ մաքսային սահմանով անցկացնելու համար

Հեղինակ MediaLab

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՌԴ քաղաքացու կողմից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՌԴ քաղաքացին, առանց իրացնելու նպատակի  ապօրինի ձեռք բերելով և պահելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 10,83 գրամ քաշով «а-PVP» տեսակի թմրամիջոց, 2020թ. հունվարի 18-ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթով,  ՌԴ Մոսկվա քաղաք տեղափոխելու նպատակով, այն մաքսանենգությամբ առերևույթ անցկացրել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը: Սակայն սահմանային գոտին անցնելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման ծառայության աշխատակիցների կողմից նրա ձեռքի ուղեբեռը ստուգման ենթարկելու արդյունքում հայտնաբերվել է սպիտակ փոշու զանգված, ինչը նշված ծառայության հերթափոխի պետը ներկայացրել է  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: 

ՌԴ քաղաքացին ձերբակալվել է, և նույն օրը Երևան քաղաքի ՁՊՎ-ում կատարված նրա անձնական խուզարկությամբ վերջինիս հագին եղած վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվել է փոշենման զանգվածով մեկ պոլիէթիլենային փաթեթ: Քրեական գործով նշանակված դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ ընդհանուր 10,83 գրամ քաշով զանգվածները հանդիսանում են «а-PVP» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՌԴ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267․1 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) 4-րդ մասի 1-ի կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն: