«Այն, ինչ ունեի, տվեցի իրենց՝ իմ երեխայի կյանքը, բայց այսօր ոչ ոք մեզ պատասխան չի տալիս, թե ուր է իմ որդին». անհետ կորած զինծառայողի ծնող

Մայոր Մկրտիչ Հակոբյանի ընտանիքի անդամներն ամեն օր լուր են սպասում նրանից։ Պայմանագրային զինծառայող Մկրտիչը ընտանիքի անդամների հետ վերջին անգամ կապի է դուրս եկել 59 օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրը։

Դրանից հետո հարազատները որևէ տեղեկություն չունեն նրանից։ Թեև Մկրտիչ Հակոբյանի անունը հրապարակվել է զոհվածների ցուցակում, բայց ծնողները մինչ օրս չեն կարողանում գտնել իրենց որդուն։ Ասում են՝ հույսը դեռ չեն կորցրել։

Մայրը գիտի, որ որդին պատերազմի օրերին Մատաղիսում է եղել՝ առաջնագծում։ Հոկտեմբերի 7-ին զոհերի ցուցակում հրապարակվել է նաև Մկրտիչի անունը, բայց ոչ մարմինը, որ նրան մինչ օրս չեն գտնում։

«Իմ տղան սպա է։ Սկզբնական շրջանում Մարտակերտում էր ծառայում, սակայն պատերազմից մի քանի օր առաջ տեղափոխել էին Մատաղիս, հրամանատարի տեղակալ էր։

Երբ պատերազմն սկսվեց, իրենց գումարտակի հրամանատարը վիրավորվել էր, իմ որդուն նշանակել էին գումարտակի հրամանատար։ Վերջին անգամ որդուս հետ խոսել ենք սեպտեմբերի 27-ին, որից հետո ինքը մեզ հետ կապի դուրս չի եկել։

Բայց ըստ վիրավորված հրամանատարի՝ իրենք կապի մեջ են եղել մինչև սեպտեմբերի 29-30-ը։ Դրանից հետո կապը խզվել է, մենք ոչ մի տեղեկություն չունենք որդուս մասին»,- «Մեդիալաբին» ասում է Մկրտիչ Հակոբյանի մայրը՝ Անահիտ Օհանյանը։

Մոր խոսքով՝ պետական մարմիններից իրենց հետ ոչ ոք կապ չի հաստատել այս օրերի ընթացքում, որպեսզի որևէ տեղեկություն հաղորդեն որդու մասին։

Սիրելի հարենակիցներՆորից դիմում եմ Ձեզ, հաշվի առնելով, որ ամիսներն անցնում են, բայց որդուցս նույնիսկ մի մասունք չկա,…

Posted by Anahit Ohanyan on Tuesday, November 24, 2020

«Ոչ մի լուր չենք կարողանում ստանալ, գնացինք պաշտպանության նախարարությանն առընթեր գրասենյակ, հետաքրքրվեցին, ոչ մի տվյալ չկարողացան տալ։ Այդ զորամասից ընդհանրապես ոչ մի տեղեկություն չեն տալիս մեզ։

Դա է մեզ զարմացնում, մի ամբողջ զորամասից որևէ մեկը չկա, որ այնտեղ տեղի ունեցածի մասին մեզ տեղեկություն տա։ Կարծես այդ զորամասն ընդհանրապես չի էլ եղել»,- ասում է Անահիտ Օհանյանը։

Այս օրերին գերեվարված և անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անում պաշտպանության նախարարության և կառավարության շենքերի մոտ՝ պահանջելով շուտափույթ աշխատանքներ իրականացնել իրենց որդիներին գտնելու ուղղությամբ։ Ծնողներին ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անահիտ Օհանյանն ասում է, որ իրենք չեն մասնակցում այդ ակցիաներին։

«Ես ավելորդ եմ համարում այդ ակցիաներին մասնակցելը, որովհետև դա ոչ մի բան չի տալիս։ Դա ավելի շատ առանց այն էլ խանգարված մեր հոգեկան վիճակի վրա կազդի։

Մենք խելագարված վիճակում ենք, պաշտոնյա այրերի հետ հանդիպումը մեզ ոչինչ չի տալու։ Ցավալին այն է, որ հերիք չէ, կորուստը մեր սրտում է, գնում ես նախարարություն, պաշտոնյաների այդ բութ դեմքերն ես տեսնում, ոչինչ չասող դեմքերը։

Այն, ինչ ես ունեի, տվեցի իրենց, իմ երեխան 18 տարի իր կյանքը տվեց ծառայությանը, բայց այսօր մենք չգիտենք, թե ինչի՛ համար տվեց իր կյանքը»,- ասում է մայրը։

34-ամյա Մկրտիչն ունի երկու մանկահասակ երեխաներ։ Մայրն ասում է՝ Արցախում ծառայում էր 2018 թվականից։

«Սկզբում որդիս ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարան։ Այնուհետև ուսումը շարունակել է Հունաստանում, 7 տարի ուսում է ստացել Աթենքում։ Այնուհետև Հայաստանում խաղաղապահ բրիգադում էր աշխատում։ Իսկ 2018 թվականին տեղափոխվել է Արցախ՝ ծառայությունը շարունակելու»,- հավելում է նա։

Մկրտիչի ընտանիքը՝ կինը, մանկահասակ երեխաները, բնակարան չունեն, վարձակալությամբ են բնակվում։

«Պաշտպանության նախարարությունը նույնիսկ վերջին ամսվա տան վարձերը չէր փոխանցել։ Հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների տան վարձն անգամ չէին փոխանցել։ Ես հիմա գնամ ումի՛ց ինչ պահանջեմ»,- նշում է Անահիտ Օհանյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան

MediaLab.am