Վարդենիս քաղաքում հիմնվում է նոր զբոսայգի

Վարդենիս համայնքի մարզադաշտի հարակից տարածքում մայիսի առաջին տասնօրյակի ընթացքում իրականացվել է ծառատունկ:

Վարդենիսի համայնքապետարանի տեղեկացմամբ, ծառատնկման ծրագիրը Վարդենիս համայնքում իրականացվել է «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից, Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

Ծառատունկ կատարվել է նաեւ Չարենցի փողոցում: Ծառատնկման ծրագիրը ավարտի կհասցվի առաջիկա օրերի ընթացքում: «Մարզադաշտին հարող տարածքում ստեղծվող զբոսայգին ընդգրկում է շուրջ մեկուկես հեկտար տարածք: Ընդհանուր առմամբ այստեղ ծրագրվել է տնկել շուրջ 4000 հատ հացենու տնկիներ:

200 հատ դեկորատիվ ծառատեսակներ էլ տնկված են քաղաքի փողոցներում: Ծառատունկին ակտիվորեն մասնակցել են համայնքապետարանի եւ համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներ, բազմաթիվ կամավորներ:

Առաջիկա օրերի ընթացքում կիրականացնենք ծառատնկման երկրորդ փուլը:Ապագա զբոսայգում նախատեսվում է նաեւ ոռոգման համակարգի կառուցում: Համայնքապետարանը ստանձնում է ծառերի հետագա խնամքը:

Վարդենիսի կոմունալ ձեռնարկության այգեպանները կանեն հնարավորը, որպեսզի ապահովվի տնկիների կենսունակությունն ու հետագա աճը»,-ներկայացրեց Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։