Մայիսի 18-ից հասարակական տրանսպորտը Հայաստանում կսկսի գործել, կվերաբացվեն մանկապարտեզները

Մայիսի 18-ից հասարակական տրանսպորտը Հայաստանում կսկսի գործել: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Մայիսի 1-ից սկսած որդեգրել ենք սահմանափակումների թուլացման մարտավարությունը, նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքում, կգործեն մարզասրահները, պատմամշակութային վայրերը»,- նշեց նա:

Փոխվարչապետը հավելեց, որ կվերաբացվեն նաև նախակրթարանները, որպեսզի աշխատող ծնողները կարողանան լուծել երեխաների խնամքի հարցը:

Մայիսի 25-ից ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային բաց վայրերում դիմակների կրումը պարտադիր է դառնալու: Ըստ Ավինյանի՝ այս կանոնը խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից: